Գերմանիայի Գեյլենկիրխեն քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան երեկվանից անցել է աշխատանքի հատուկ ընթացակարգի։ Կառույցի ամբողջ քաղաքացիական անձնակազմը, որ ներգրավված չէ պլանային թռիչքներում, ուղարկվել է տուն։
Պատճառը հետախուզական ծառայությունների տեղեկություններն էին անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին։
Ավիաբազայում տեղակայված են էլեկտրոնային հետախուզական և AWACS կառավարման ինքնաթիռներ։ Այդօրինակ ինքնաթիռներ են պարեկային թռիչքներ իրականացնում մասնավորապես Ռուսաստանի և բռնակցված Ղրիմի սահմանների մոտ գտնվող օդային տարածքում։
Հետախուզական ինքնաթիռները թռիչք և վայրէջք են կատարում նախատեսված ժամանակացույցի համաձայն, ասել է ավիաբազայի ներկայացուցիչը:
Վտանգի սահմանված «Չարլի» մակարդակը նշանակում է, որ բազայի համար անմիջական սպառնալիքի առնվազն մեկ դեպք արդեն գրանցվել է կամ հետախուզական ծառայությունները տեղեկատվություն են տրամադրել ՆԱՏՕ-ի կազմակերպությունների կամ նրա աշխատակիցների դեմ հնարավոր ահաբեկչությունների մասին: