Մատչելիության հղումներ

Երեք սահմանամերձ մարզերի բնակչությունը վերջին տարիներին նվազել է շուրջ 40 հազարով


Գեղարքունիքի մարզ, Հայաստան, արխիվ
Գեղարքունիքի մարզ, Հայաստան, արխիվ

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի երեք սահմանամերձ մարզերի՝ Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ Դատարկվում են և՛ գյուղերը, և՛ քաղաքները, փաստում է վիճակագրական կոմիտեի ամենաթարմ զեկույցը։

Հիասթափություն, ապագայի հանդեպ վստահության պակաս, անվտանգային, սոցիալական խնդիրներ՝ դատարկվող բնակավայրերում այսպես են բացատրում տները լքելու իրենց ծանոթ-բարեկամների որոշումները։

«Շատ մարդիկ հիասթափվեցին պատերազմից հետո ու գնացին», - ասում են բնակիչները, հավելելով, - «Օրական պակասում է»։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019-ի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։

Սևանում տեղացիները նկատում են՝ երիտասարդներից շատերը հիմնականում Երևանում են ապրում. - «Որովհետև այստեղ՝ Սևանում, այդքան աշխատատեղ չկա, մի պետական ձեռնարկություն չկա»։

Պաշտոնական վիճակագրությամբ Գեղարքունիքը Հայաստանի ամենաաղքատ մարզերից է, ամեն երրորդը չքավորության մեջ է ապրում, ծայրահեղ աղքատների թվով մարզն ամենավատ ցուցանիշն ունի։ Բնակչության գրեթե 5 տոկոսն ի վիճակի չէ ամեն օր անգամ 1000 դրամ ծախսել։ Աշխատանք գտնելու դեպքում էլ մարզի բնակիչները Հայաստանի ամենացածր աշխատավարձն են ստանում՝ հարկերը հանած միջինը մոտ 100 հազար դրամ, մինչդեռ համապետական միջին ցուցանիշը գերազանցում է 200 հազար դրամը։

«Փող չկա, աղքատություն է, շատանում է, որովհետև ոչ մեկին տիրություն չի անում ղեկավարությունը», - ասաց մարզի մեկ այլ բնակիչ։

2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։

Դատարկվող բնակավայրերում պատմում են՝ գյուղերում աշխատանք , զբաղմունք չկա, սահմանային բախումներն էլ վիճակն ավելի են ծանրացրել՝ արոտավայրերից են զրկվել։

Պաշտոնական վիճակագրությամբ Սյունիքն ամենաապահով մարզն է, գերազանցում է նաև Երևանին։ Բարձր ցուցանիշները, սակայն, հիմնականում խոշոր քաղաքների գործարաններն են ապահովում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

«Երիտասարդությունը աշխատանք փնտրելու համար տեղափոխվում է Քաջարան, Կապան, Երևան, ով որտեղ կարում է», - ասում են տեղացիները։

Այս մարզերի բնակչությունը նվազում է սահմանամերձ շրջաններ տեղափոխվելու իշխանությունների ծրագրերի ֆոնին. տասնյակ հազարավոր արցախցիներին մարզերում հաստատելու ծրագրին զուգահեռ գործադիրն ակտիվորեն գովազդում է սահմանամերձ բնակավայրերում տներ կառուցելու ծրագիրը։ Գեղարքունիքի ու Սյունիքի բնակչության վիճակագրությունը, սակայն, վկայում է՝ ծրագրերն առայժմ քաղաքացիներին վստահություն չեն ներշնչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG