Պատերազմում որդուն կորցրած պատգամավոր Գեղամ Նազարյանը, որ երեք տարի առաջ համոզված էր՝ պատերազմը վարչապետ Փաշինյանն է բերել ու կառավարությունից ուղիղ բանտ պետք է գնա, հիմա հասկացել է՝ պատերազմի պատասխանատուն միայն Փաշինյանը չէ։
«Եթե մենք էս փաստը վերցնենք ու շարունակենք առաջ, մենք մի նոր աղետ ենք փորում մեր առաջ: Ե՞րբ եմ հասկացել, երկար ուսումնասիրություններից հետո: Մեր գրականությունը, պատմագիտությունը բերել է նրան, որ այս կամ այն ճակատամարտը պարտվեցինք, որովհետև մի դավաճան կար, մեզ բերել հասցրել է նրան, որ մի հոգի կարող է որոշել մի ազգի ճակատագիրը, բա մնացածն ի՞նչ էին անում», - նշեց Նազարյանը:
Էլ ո՞վ է պատասխանատու, լրագրողները փորձում էին այսօր պարզել ընդդիմադիր խմբակցությունից հեռացած պատգամավորից, բայց նա այդպես էլ պատասխանատուների իր ցանկը չհրապարակեց:
Խմբակցությունից դուրս գալու պատճառ դարձավ Գեղամ Նազարյանի մեկնաբանությունը, թե Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա։ Իմփիչմենթ պետք է անեին, իսկ դրա համար մեծամասնությունը պետք է կողմ լիներ։ Սկանդալային դարձավ «Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա» միտքը, անցած շաբաթվա վերջին նրան առաջարկեցին լքել խմբակցությունը։
Քաղաքական թիմից էական տարբերվող դիրքորոշում չեմ հայտնել, պնդում էր Նազարյանն ու բացատրում՝ խորհրդարան ինչու են հասել ընդդիմադիրները. - «Մենք դրա համար էինք պայքարում, էդ պայքարը բերեց նրան, որ հասանք արտահերթ ընտրությունների: Հիմա արտահերթ ընտրություններին մենք հո չէինք մասնակցում, որ գնանք ընդդիմություն խորհրդարանում ու հասնենք նրա հրաժարականին: Չէ, մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցել ենք, որ ձևավորենք իշխանություն»:
Նազարյանը պատգամավորական մանդատից չի հրաժարվում, կշարունակի արդեն անկախ պատգամավորի կարգավիճակում. - «Հատուկ շեշտում եմ, որ իմ գործունեությունն աչքի է ընկնելու ավելի ընդդիմադիր գործունեությամբ»:
Ամիսներ առաջ էլ որդեկորույս պատգամավորի մեկ այլ հայտարարություն շատ քննարկվեց։ Ասել էր, թե ներել է Նիկոլ Փաշինյանին։ Ներելը չի նշանակում, որ նրան անմեղ է համարում, այսօր բացատրեց Գեղամ Նազարյանը։
«Հայաստան» խմբակցությունից հեռացել է խաղաղ, ընկերաբար, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին էլ է հանդիպել, ասաց՝ ջերմ են բաժանվել։