Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան քննարկում է ԻՊ-ի դեմ պայքարի հնարավոր տարբերակները


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոն, արխիվ

Դեյվիդ Քեմերոնը ցանկանում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային գրոհներում ընդլայնել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը։

«Իսլամական պետություն» խմբավորման վերջերս թողարկած տեսանյութում ցուցադրվում է Սիրիայի կառավարական զորքերի զինվորականների մահապատիժը։ Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, հենց այսպիսի քարոզչական նյութերի տարածումը պետք է խոչընդոտել։

«Մենք մտադրված ենք նոր, ավելի նեղ թիրախավորված միջոցառումներ ձեռնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա դիմագրավել միջնորդներին ու պաշտամունքային առաջնորդներին ու խոչընդոտել նրանց կողմից ատելության տարածումը», - ասել է Քեմերոնը։

Ըստ քննադատների, Քեմերոնը թիրախավորում է ամբողջ մահմեդական համայնքը: Սակայն ծայրահեղականության դեմ պայքարող խմբերը ողջունում են նոր մոտեցումները։

Վերլուծաբանները, ինչպես Աֆզալ Աշրաֆը՝ Թագավորական միացյալ ծառայությունների հաստատությունից, տարակուսում են՝ արդյոք նոր մոտեցումները կչեզոքացնե՞ն ջիհադականների կողմից հավաքագրման հիմնական պատճառները։

«Մի բան է բացակայում այս ամբողջ մոտեցման մեջ, դա ծայրահեղականացված մարդկանց հետ պահելն է այդ ուղուց՝ իբրև հաջողության գրավական», - ասել է Աշրաֆը։

Նրա խոսքով, հաջողության գրավականը ջիհադականներին մարտադաշտում հաղթելն է։ Ըստ Աշրաֆի, Արևմուտքը չպետք է խուսափի գերակայությունների հաստատումից։ «Ասադի հեռացման հարցը պետք է ավելի քիչ կարևորություն ունենա, քան «Դաեշ»-ի [«Իսլամական պետության»] վերացումը: Մինչև դա չհասկանան, վախենամ, որ տասնամյակներ դեռ ականատես ենք լինելու այս հակամարտության տարածմանը», - ասել է նա։

Սակայն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալոնը այլ տեսակետ ունի։ «Մեր որևէ գործողություն, որ ձեռնարկում ենք, չպետք է որևէ աջակցություն ապահովի Ասադի կամ նրա վարչակարգի համար», - ասել է նա:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սկսել է քննարկել գործողությունների հնարավոր տարբերակները՝ բացառելով մարտադաշտում զորքերի անմիջական ներկայությունը։ Քեմերոնը ցանկանում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային գրոհներում ընդլայնել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը՝ ակնկալելով խորհրդարանի համաձայնությունը, մի բան, որը կարող է ամիսներ պահանջել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG