Այսօր վաղ առավոտյան Գազայի հարավային հատվածում վրանային ճամբարին իսրայելական ավիահարվածից առնվազն 10 պաղեստինցի է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության նախարարությունը։
Ըստ բժիշկների՝ 10 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սպանվել են հումանիտար տարածք համարվող Ալ-Մավասիի վրանում, որը գտնվում է Խան Յունիսում։
Հաղորդվում է նաև 15 վիրավորի մասին։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի ղեկավարած «Ալ-Աքսա» հեռուստաալիքը հաղորդել է, որ ավիահարվածի հետևանքով զոհվել են նաև Գազայի ոստիկանական բաժանմունքի գլխավոր տնօրեն Մահմուդ Սալահը և նրա օգնական Հուսամ Շահվանը։
Իսրայելական զինվորականներն չեն մեկնաբանել հարվածները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 45 հազարը։
Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները: