Գազայում ընթանում են ցամաքային պատերազմական գործողություններ, որոնց զուգահեռ պատերազմ է ընթանում նաև համացանցում:
Որոշ կարծիքների համաձայն, հակամարտության ընթացքում սոցիալական ցանցերի առավել ակտիվ օգտագործումը փոխում է այն, թե ինչպես են ընկալվում այս պատերազմն ու պատերազմող կողմերը:
«Թվիթերում նախկինում շատ իսրայելցիներ կային, սակայն այս անգամ նույն կայքում կան բազմաթիվ պաղեստինցիներ: Նման բան մինչ այժմ տեղի չէր ունեցել», - ասում է «Նոր Ամերիկա» հիմնադրամի անդամ Լիզա Գոլդմանը:
Պաղեստինամետ «Երուսաղեմ» հիմնադրամի գործադիր տնօրեն Յուսեֆ Մունայերը պնդում է, որ տարածաշրջանում լուրերի լուսաբանումը նախկինում իսրայելամետ է եղել, սակայն պաղեստինցիների ակտիվությունը սոցիալական ցանցերում փոփոխություններ է առաջացրել լրատվության ոլորտում:
«Տեղեկատվական շուկան ստիպում է լրատվամիջոցներին տեղեկությունները ներկայացնել առավել ժողովրդավարական եղանակով», - ասում է Մունայերը:
Իսրայելի կառավարությունը նույնպես գիտակցում է նոր տեխնոլոգիաների ներուժը:
«Հանրային դիվանագիտության առումով սոցիալական մեդիան և ավանդական լրատվամիջոցները հավասարազոր են», - ասում է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանության թվային տեխնոլոգիաների գծով տնօրեն Ջեդ Շեինը՝ զգուշացնելով սակայն, որ սոցիալական մեդիան իրականում ճշգրիտ չի ներկայացնում հասարակության կարծիքը:
«Մեկնաբանություններ և արձագանքներ հաճախակի հրապարակում են ծայրահեղ հայացքներ ունեցող մարդիկ», - ասում է նա:
Չնայած սոցիալական մեդիան մեծ ժողովրդականություն է վայելում, սակայն դրա արդյունավետությունը ներկայիս հակամարտության ընթացքում դեռևս չի ենթարկվել գիտական վերլուծության: Որոշ փորձագետներ պնդում են, որ տեղում՝ դեպքերի ավանդական լուսաբանումը իրականում ավելի մեծ ազդեցություն ունի:
«Արաբերեն տիրապետող բազմաթիվ լրագրողներ արդեն բավականին երկար ժամանակ են աշխատում տարածաշրջանում և շատ լավ են ճանաչում Գազան», - ասում է Լիզա Գոլդմանը:
Բացի այդ, աշխարհում մարդկանց մեծամասնությունը լուրերին դեռևս ծանոթանում է ավանդական լրատվամիջոցներից: