Մատչելիության հղումներ

G7-ի երկրները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ


G7 անդամ երկրների դրոշները. Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԵՄ
G7 անդամ երկրների դրոշները. Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ և ԵՄ

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները համաձայնության են եկել վարկի տեսքով Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ, հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ վարկը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից։

Ըստ Bloomberg-ի զրուցակցի՝ համաձայնագրի տեխնիկական կողմը կքննարկվի հունիսի 13-ից 14-ը կայանալիք G7-ի գագաթնաժողովից հետո։

Նշվում է, որ այդ միջոցները կհատկացվեն Ուկրաինային այս տարեվերջին։

ԱՄՆ-ն առաջարկել է ռուսական սառեցված ակտիվներից ստացած հասույթից 50 մլրդ դոլար փոխանցել Ուկրաինային։

Արևմուտքում կենտրոնացված ռուսական բոլոր ակտիվների մոտ 70 տոկոսը պահվում է Բելգիայի Euroclear արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում: Խոսքը Ռուսաստանի Կենտրոնական բանկի արժեթղթերի և 190 միլիարդ եվրոյի (204,67 միլիարդ դոլար) համարժեք գումարի մասին է։ ԱՄՆ-ում պահվում է մոտ 5-6 միլիարդ դոլարը։ Ակնկալվում է, որ այս բոլոր սառեցված միջոցները տարեկան երեքից հինգ միլիարդ դոլար եկամուտ կբերեն։

Այս ծրագրին դեմ էին արտահայտվել Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Ճապոնիան։ Վաշինգտոնը, սակայն, պնդել է, որ այն ներառվի Իտալիայի G7-ի համատեղ հայտարարության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստացել է պատասխան միջոցներ կիրառել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման համար։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, արտգործնախարարությունը չի պարզաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG