Մատչելիության հղումներ

Forbes. Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցի ռուսական տեխնիկան


Ադրբեջանի նախագահը ADEX ցուցահանդեսի Բելառուսի տաղավարում, Բաքու, 25-ը սեպտեմբերի, 2024թ.
Ադրբեջանի նախագահը ADEX ցուցահանդեսի Բելառուսի տաղավարում, Բաքու, 25-ը սեպտեմբերի, 2024թ.

Թուրքիան ու Իսրայելն արդիականացնում են Ադրբեջանի զինանոցում առկա ռուսական տեխնիկան, հաղորդում է Forbes-ը՝ վերլուծելով անցած ամիս Բաքվում տեղի ունեցած ADEX ռազմարդյունաբերության ցուցահանդեսը։

Եռօրյա այդ հավաքում Ադրբեջանն ի ցույց էր դրել դեռ 1950-60 թվականներին արտադրված, սակայն այժմ նորացված Սու-25 կործանիչներ ու Տ-72 տանկեր, ինչպես նաև խորհրդային արտադրության «Շիլկա» զենիթային ինքնագնաց ու «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ։

«Դրանց արդիականացումը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ուզում է պահել հին զինամթերքը՝ նույնիսկ այն դեպքում, երբ համալրում է բանակը թուրքական ու իսրայելական ժամանակակից, առաջատար անօդաչուներով ու պակիստանյան կործանիչներով», - գրում է Forbes-ը:

Սու-երի արդիականացումն իրականացրել է թուրքական Aerospace Industries ընկերությունը (TUSAS)։ Թուրքական «նորարարություններից» հետո արդեն Ադրբեջանի զինանոցում գտնվող Սու-25 գրոհային օդանավերը կարող են արձակել մի քանի կառավարվող ու սավառնող թուրքական ռումբեր և անգամ թևավոր հրթիռներ։

Ցուցահանդեսում ներկայացվել են նաև արդիականացված Տ-72 տանկեր, որոնց մեծ մասը Բաքուն ներկրել է Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից ու Սլովակիայից՝ Ստոկհոլմի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի համաձայն։ Այս զինտեխնիկայի արդիականացմամբ էլ զբաղվել է իսրայելական Elbit Systems ընկերությունը, որը մասնագիտացել է խորհրդային տարիների զինտեխնիկան նորագույն պայմաններին համապատասխանեցնելու գործում։ Տարիներ առաջ նույն այդ իսրայելական ընկերությունն էր արդիականացրել նաև Վրաստանի զինանոցում եղած Սու-25 կործանիչները։ Ինչպես ցուցահանդեսի կայքն է հաղորդում, թարմացման ընթացքում իսրայելցի զինագործները հաշվի են առել վերջին հակամարտությունները, նաև՝ ռուս - ուկրաինական պատերազմի դասերը, ու հավելյալ պաշտպանական միջոցներ ներդրել՝ զինտեխնիկան անօդաչուներից ու հրթիռներից պաշտպանելու համար:

Իսրայելից ու Թուրքիայից բացի Ադրբեջանը նաև չեխական մի ըկերության հետ է համագործակցել․ ըստ European Defence Review պարբերականի, Սումգայիթի տեխնոլոգիական պարկը Czechoslovak Group-ի (CSG) հետ արդիականացրել է «Շիլկա» զենիթային ինքնագնաց համալիրները, որոնք ներկայումս օգտագործվում են Ադրբեջանի զինված ուժերում։ Հիմա դրանք համալրվել են պտտվող տեղորոշիչ կայանով, որը կարող է թիրախներ հայտնաբերել մինչև 20 կմ-ի վրա՝ խաչաձև ճշգրիտ տեղորոշմամբ:

Նույն այս պարբերականի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյաներն ասել են, թե մտադիր են արդիականացնել նաև բոլոր այն տանկերը, որոնք որպես ռազմավար են ստացել Ղարաբաղի դեմ հարձակման արդյունքում։

«Հավանական է, որ Ադրբեջանն ուզում է պահպանել քանակական ու որակական առավելությունը Հայաստանի նկատմամբ», - գրում է Forbes-ը` փաստելով, որ վերջերս էլ Ադրբեջանը համալրել է զինանոցը Պակիստանից ստացած կործանիչ օդանավերով։

Այս հաղորդումների ֆոնին Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը հոդված է հրապարակել Newsweek ամսագրում՝ դժգոհելով, թե Հայաստանը զինվում է՝ ձախողելով «արդար խաղաղություն հաստատելու Ադրբեջանի մղումները»։

«Որքան շատ են Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և այլ երկրներում հակաադրբեջանական էլիտաները Ադրբեջանի դեմ իրենց ապատեղեկատվությունը զուգակցում Հայաստանին զինելու հետ, այնքան ավելի է արմատավորվում ռևանշիզմը Հայաստանի վերնախավում», - գրել է ադրբեջանցի դեսպանը` հավելելով. - «Այսօր արևմտյան ուժերը Հայաստանի հետ պարբերաբար ռազմական վարժանքներ են անցկացնում, զենք մատակարարում, և ես տեսնում եմ երբևէ եղած ամենառազմատենչ հայտարարությունները հայ դիվանագետների կողմից, որոնց ուրախությամբ աջակցում են հատկապես ամերիկացի համախոհ պաշտոնյաները»։

Թե հայկական կողմի որ հայտարարությունների մասին է խոսքը՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանը չի հստակեցրել։ Երևանը վերջին տարիներին շարունակաբար հայտարարում է, որ համալրում է զինանոցը բացառապես պաշտպանության նպատակներով։ Ըստ վարչապետի՝ Հայաստանը չի պատրաստվում զենքի դիմել անգամ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքները վերադարձնելու համար։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ավելին քան 240 քառակուսի կիլոմետր տարածքներն օկուպացված են։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քառ. կմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն։ Մյուս կողմից՝ մենք այսօր, վաղը և մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ ռազմական ճանապարհով մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Ինչո՞ւ․ որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում մեր խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային ճանապարհով լուծենք», - վերջին ասուլիսում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Չնայած համաձայնեցված այդ սկզբունքներին՝ Հայաստանի արտգործնախարարությունն օրեր առաջ փաստեց, որ Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանին ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով: Հիմնվելով դրանց վրա՝ պաշտոնական Երևանն ուղիղ մեկ շաբաթ առաջ երկու հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից, և արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության օրակարգից: Հայաստանի արտգործնախարարության այս հարցերին մինչ այժմ Բաքվից հրապարակավ չեն արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG