Մատչելիության հղումներ

Եվրամիության հեղհեղուկ ապագան


65 ամյա եվրոպական միասնությունը կառուցվել է խաղաղության և բարգավաճման խոստումների վրա, սակայն գործազրկությունը Հունաստանում ու Իսպանիայում հասնել է 25 տոկոսի և կլինի տևական: Այժմ Եվրոպայի համար նոր բնականոն երևույթ է տնտեսական լճացումը և քաղաքական անկայունությունը

65-ամյա եվրոպական միասնությունը կառուցվել է խաղաղության և բարգավաճման խոստումների վրա: Այդ պահին ոչ ոք չէր կանխատեսում, որ գործազրկությունը Հունաստանում ու Իսպանիայում կհասներ 25 տոկոսի և կլիներ տևական, կամ որ ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ քաղաքական կուսակցությունները հանդես կգային իբրև հիմնական դերակատարներ: Այժմ Եվրոպայի համար նոր բնականոն երևույթ է տնտեսական լճացումը և քաղաքական անկայունությունը։

Բազմաթիվ մասնագետներ նշում են, որ Եվրոպան դեռևս տառապում է 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից:

«Այն, ինչ սկսեց ֆինանսական ճգնաժամով, վերածվեց գործազրկության ճգնաժամի, և մայրցամաքի կառավարությունների կողմից իրականացվող խիստ տնտեսական խնայողության քաղաքականության պատճառով մեծ ճեղքվածք գոյացավ քվեարկողների և ավանդական վերնախավի միջև: Դա բացատրում է նաև քաղաքական դաշտում Եվրամիությանը վատատեսորեն վերաբերվող, ազգայնական ու ընդդիմախոս կուսակցությունների հանդես գալու փաստը, կուսակցություններ, որոնք քննադատում են Բրյուսելի կողմից առաջարկված տնտեսական խիստ միջոցառումները», - ասում է Stratfor-ի վերլուծաբան Ադրիանո Բոսոնին:

Ըստ նրա՝ բարգավաճումը այն սոսինձն էր, որը միասնական էր պահում Եվրոպան: Առանց դրա այն մասնատվում է, և եվրոպական թուլացող տնտեսությունը խթանելու քննարկումների գլխավոր հարց են մնում ներդրումների մեծացման, բարեփոխումների ու խնայողության քաղաքականության ռազմավարությունների ընտրությունը:

«Մի շարք երկրներ, օրինակ՝ Իտալիան ու Ֆրանսիան, կարծում են, որ խնդիրը լուծելու համար պետք է խթանել սպառումը, ներդնելու համար ավելի մեծ գումարներ, և խթանելով աճը՝ ավելի շատ միջոցներ ուղղելով տնտեսական համակարգ: Սակայն այլ երկրներ՝ ինչպես, օրինակ, Գերմանիան, պահանջում են սկզբում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ տնտեսության մեջ, նոր միայն անցնել սպառման խթանման քաղաքականությանը», - նշում է Բոսոնին:

Ըստ Վաշինգտոնում գտնվող Տնտեսական ռազմավարության հաստատության հիմնադիր Քլայդ Պրեստովիցի՝ իրականում Եվրոպայի տնտեսությունը «գերմանացվել» է: «Ամբողջ Եվրոպան մղվել է դեպի արտահանող տնտեսական աճ, քանի որ գոյացած պարտքերը այնքան մեծ են, որ գերմանացիները դեմ են ֆինանսական նոր պարտքերի կուտակամանը և քաջալերում են այլ մոտեցումներ», - ասում է Պրեստովիցը:

Ըստ Բոսոնիի, մինչ պարտքերի ու խնայողական միջոցառումների շուրջ բանավեճերը գերակայում են Հարավային Եվրոպայում, հյուսիսում քննարկման առարկա են ներգաղթի խնդիրները:

Եվրոպայի հիմքերը ցնցվեցին նաև Շոտլանդիայում և Իսպանիայում անջատական շարժումներից: Սակայն, ըստ Պետրովիցի, ամենաահագնացողը Եվրամիությունից դուրս գալու Բրիտանիայի հնարավոր հանրաքվեն է առաջիկա երկու տարում, որը առաջարկվել է վարչապետ Դավիդ Քեմերոնի կողմից:

«Միացյալ Թագավորության հանրաքվեն կարող է լինել ընդդեմ ԵՄ-ի, այդ դեպքում Քեմերոնը կլինի այն մարդը, որը հրահրել է Եվրամիության կազմալուծումը: Ու նա գլխավոր կուսակցություններից մեկի ղեկավարն է», - ասում է Պրեստովիցը:

Այս տարի ընտրություններ են կայանալու Հունաստանում, Բրիտանիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Դանիայում, Ֆինլանդիայում, Պորտուգալիայում ու Էստոնիայում: Վերլուծաբանները մեծամասամբ համաձայն են, որ այս երկրներում ընտրությունների արդյունքները է՛լ ավելի կարող են քայքայել Եվրամիության միասնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG