Մատչելիության հղումներ

«Ես Նոստրադամուսը չեմ, դա աբսուրդ է». Լեդի Գագայի «911» տեսահոլովակի ռեժիսորը Երևանում է


Ռեժիսոր Թարսեմ Սինգհը Երևանում
Ռեժիսոր Թարսեմ Սինգհը Երևանում

Վեց լիամետրաժ ֆիլմի, բազմաթիվ տեսահոլովակների և, մասնավորապես, Լեդի Գագայի փարաջանովյան մոտիվներով մեծ աղմուկ հանած «911»-ի հեղինակ, ռեժիսոր Թարսեմ Սինգհը «Ոսկե Ծիրանի» շրջանակում Երևանում հայտարարեց՝ գիտեմ դավադրական տեսության ինչ մեծ ալիք է ստեղծել տեսահոլովակը Հայաստանում։

«Նման փոքր երկրներում մարդիկ խորհրդանիշներ են փնտրում։ Դա, իհարկե, տարօրինակ է, որովհետև այս ամենը մենք արել էինք նախքան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, նախքան Ադրբեջանի հարձակումը։ Մարդիկ ասում էին՝ «Լեդի Գագան որտեղի՞ց սա գիտեր, նա սատանա է»։ Խեղճ աղջիկն ի՞նչ մեղք ուներ։ Ասում էի՝ «եթե ուզում եք մեղադրել, ինձ մեղադրեք, որովհետև ես եմ Լեդի Գագային այդ միտքն առաջարկել»։ Ես ինքս էլ չէի հասկանում՝ ինչ է կատարվում, մինչև իմ հայ հարևանները բացատրեցին՝ ինչն-ինչոց է», - Հայաստանում հայտարարեց Սինգհը։

2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի «911» տեսահոլովակն իրարանցում առաջացրեց Հայաստանում: Հոլովակում օգտագործված են մի շարք հայկական էլեմենտներ։ Հիմնական թեման՝ փարաջանովյան պատկերներն են՝ «Նռան Գույնը» ֆիլմից։

Կադրերից մեկում ոստիկանական ժապավենի վրա գրված էր «Զգուշություն» բառը՝ հայերենով։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Տեսահոլովակի վերնագիրը՝ «911»-ը, ևս շահարկման առարկա դարձավ. եռակողմ պայմանագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվեց նոյեմբերի 9-ին, նոյեմբերը տարվա 11-րդ ամիսն է։

«Գրողը տանի։ Ուղեղը ծարգրավորված է հատուկ խորհրդանիշներ տեսնել։ Ես ամենևին Նոստրադամուսը չեմ, դա աբսուրդ է, լրիվ այլ բան է», - հայտարարեց ռեժիսորը։

Կադր Լեդի գագայի «911» տեսահոլովակից
Կադր Լեդի գագայի «911» տեսահոլովակից


Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսորի կարիերայի զգալի մասը երաժշտական և կոմեցիոն հոլովակներն են։ Լեդի Գագայից բացի աշխատել է Վանեսսա Պարադիի, Սյուզան Վեգայի և այլ հայտնի աստղերի հետ։

«Շատ եմ սիրում երաժշտություն։ Երբ երգն ուղարկում են, լսում եմ, փորձում եմ հասկանալ՝ գլխումս մի բան այն արթնացնո՞ւմ է, ներսումն ինչ-որ էմոցիա շարժվո՞ւմ է։ Առանց դրա երաժշտական տեսահոլավակ չես կարող նկարել։ Այնպես, որ երբ Լեդի Գագան ուղարկեց երգը, ես նրա երաժշտությանը ծանոթ չէի, դա իմ ճաշակով չէր, ես նրա հետ խոսեցի, ասացի, որ «ծանոթ չեմ քո արվեստին, բայց գիտեմ՝ ինչ պետք է անեմ երգի հետ»։ Բախտս բերեց, որ դա նրան դուր եկավ, որովհետև ես չէի պատրաստվում բանակցել։ Արյուն է լինելու, լիքը սարսափ է լինելու, բայց սարսափազդու տեսահոլովակ չի լի լինելու։ Միակ ոճը, որ մտածում էի, հայկական թեման էր։ Ու Լեդի Գագան չառարկեց։ Ընդամենը մի նկար էի ցույց տվել նրան Փարաջանովից», - ասաց Սինգհը։

Հայկական աչքերով տարված Սինգհը պատրաստվում է մի նախագիծ էլ իրականացնել Հայաստանում, թե ինչ, դեռ չգիտի, մի բան, ասաց՝ հստակ է՝ էլի է գալու Հայաստան։

Թարսեմ Սինգհի հանդիպումը երկրպագուների հետ այս կինոփառատոնի վերջինն էր։ «Ոսկե Ծիրանն» այս տարի աստղաշատ էր ու մեկ շաբաթվա ընթացքում կինոմանները հարցախեղդ արեցին կրկնակի օկսարակիր Քևին Սպեյսիին, իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին, օսկարակիր Ալեքսանդր Փեյնին, «Կանն»-ի կինոփառատոնի եռակի մրցանակակիր Ատոմ Էգոյանին։

Այսօր արդեն պարզ կդառնա՝ ովքեր տուն կգնան ոսկե և արթածե ծիրաններով։ Իսկ հաղթողների ֆիլմերը դիտելու ևս մեկ հնարավորություն կա վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG