Մատչելիության հղումներ

Երրորդ ամիսն է ավարտվում՝ Արտաշատի ԲԿ-ում ոչ ոք աշխատավարձ չի ստացել. ինչո՞ւ


Երրորդ ամիսն է ավարտվում՝ Արտաշատի բուժկենտրոնում ոչ ոք փող չի ստացել։ Ավելի քան 500 հոգի է աշխատում այս հիվանդանոցում ու ոչ ոք աշխատավարձ չի ստացել սեպտեմբերից... շաբաթներ առաջ օգոստոսի փողն են տվել ու վերջ: Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կա. լաբորանտ Հարությունյանն ասում է՝ խոստումներ ստացել է, գումար՝ ոչ:

Ինչ ճգնաժամ է, որ աշխատավարձ անգամ չեն կարողանում վճարել։ 5 տարի առաջ այստեղ տնօրեն դարձավ Հայկ Համբարձումյանը, մի մրցույթով, որի հանձնաժողովի կազմում հիմնականում մարզպետարանի ներկայացուցիչներ էին, իսկ մարզպետն այդ ժամանակ Գարիկ Սարգսյանն էր։ Նոր տնօրենի լոզունգը սա էր՝ «այո՝ սպիտակ դրամարկղին, ոչ՝ ատկատին», բայց նա հիմա հեռացվել է՝ բուժկենտրոնը թողնելով մոտ 600 միլիոն դրամ պարտքի տակ։

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շատ ընդհանուր է ձևակերպում, թե ինչու է մարզային հաստատությունն այս օրն ընկել. - «Ծախսերն ու եկամուտներն իրար չեն համընկել: Այն, ինչ որ կատարվել է՝ վարկային պարտավորությունները, մյուս պարտավորությունները, արվել է, որ ժողովրդին, բուժանձնակազմին կարողանանք աշխատավարձ տալ: Խնդիրը կա, փորձում ենք բոլոր կողմերով լուծել»:

Վերահսկողական ծառայությունն էլ է ստուգումներ արել, արդյունքների մասին հրապարակային ոչ մի խոսք։ Ի դեպ՝ շուրջ մեկ տարի է համակարգչային տոմոգրաֆիայի սարքը չի աշխատում, շարժական ռենտգեն սարքը հաճախ խափանվում է և այդ պատճառով որոշ վիրահատություններ ուղղակի դադարեցվում են այստեղ։

Երեկ հիվանդանոցի անձնակազմը բակ է դուրս եկել, պահանջել, որ պաշտոնյաները գան ու պատասխան տան իրավիճակի համար։ Այսօր Առողջապահության նախարարն էլ էր եկել բուժկենտրոն. - «Որոշակի սխալ որոշումներ են կայացվել կառավարման մասով, ֆինանսական միջոցների կառավարման, հոսքերի, ծառայությունների զարգացման մասով: Մենք դիմել ենք դատախազություն»:

Նախարար Անահիտ Ավանեսյանը հավատացնում է խնդիրները լուծելու համար բոլորը՝ մարզպետարանը, բուժկենտրոնը, իրենք աշխատում են և նոր չեն աշխատում:

Վաղուց սկսված աշխատանքի արդյունքում անձնակազմը փաստորեն նոյեմբերին ստացել է օգոստոսի աշխատավարձը։ Այսօր բուժկենտրոն էր հրավիրվել տնօրենի նոր պաշտոնակատար՝ Մասիսի հիվանդանոցի տնօրենը: Հայկ Հովհաննիսյանն է փորձելու փրկել իրավիճակը, ասում է՝ Մասիսի հիվանդանոցը պարտքերով էր ընդունել, իսկ այսօր այնտեղ արդեն 13-րդ աշխատավարձ են ստացել։

Մարդիկ ե՞րբ փող կստանան, ոչ նախարարը, ոչ մարզպետը, ոչ էլ նոր պաշտոնակատարը չգիտեն:

Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG