Մատչելիության հղումներ

Երևանը ողջունել է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմերի պատանդների և գերիների ազատ արձակումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Պաշտոնական Երևանը հույս է հայտնել, որ այն կարևոր նշանակություն կունենա Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների անվտանգության երաշխավորման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրադադարի հաստատման հարցում բարձր է գնահատել, մասնավորապես, ԱՄՆ-ի, Քաթարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը։

15 ամիս տևած հակամարտությունից հետո չորեքշաբթի օրը Գազայի հատվածում հրադադար հաստատելու և պատանդների փոխանակման համաձայնություն է ձեռքբերվել Իսրայելի և «Համասի» միջև, որն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։

Համաձայնագիրը նախատեսում է վեցշաբաթյա նախնական զինադադար, իսրայելական ուժերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից և պատանդների ազատ արձակում պաղեստինցի գերիների դիմաց:

Հրադադարը կնքվել է Եգիպտոսի և Քաթարի միջնորդությամբ ԱՄՆ-ի աջակցությամբ ամիսներ տևած բանակցություններից հետո՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալությունից առաջ:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել էին հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 46 հազարը, իսկ անկլավը վերածվել է ավերակների, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ ձմեռային ցրտի պայմաններում գոյատևում են վրաններում և ժամանակավոր կացարաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG