Երևանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազ գնելու ու Իրանի տարածքով Հայաստան հասցնելու շուրջ: Ի՞նչ գնով ու պայմաններով. ըստ կառավարության այս հարցի վերաբերյալ համաձայնություն առայժմ չկա:
Հնարավոր գործարքի մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը Երևանում կայացած Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:
Պաշտոնյանի խոսքով` բանակցությունների մի քանի փուլ արդեն տեղի է ունեցել: Քննարկումներ են անցկացվել նաև Իրանի հետ, Թեհրանը համաձայնել է ծրագրին:
Գործարքի դեպքում նաև մատակարարվող գազի հնարավոր ծավալի մասին է խոսվում. 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր: Ռուսական «Գազպրոմ» Արմենիայի տվյալներով 2024 -ին Հայաստան մոտ 2.4 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք է մատակարարվել: Այսինքն՝ Հայաստանի համար զգալի ծավալների մասին է հայտարարվել:
Հնարավոր գործարքի վերաբերյալ, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդում: Առայժմ ոչինչ չի հաղորդվել ժամկետների մասին: Հայտնի չէ, թե այդ ծավալի գազը ինչ ժամանակահատվածում Հայաստան կհասնի, խոսքը տարեկան 600 միլիոնից մեկ միլիարդ խորանարդ մետրի մասին է, թե՝ ոչ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորեցին գրավոր դիմել:
Թուրքմենական գազի թեման Հայաստանում նորություն չէ. այդ երկրից կապույտ վառելիք բերելու մասին խոսվում էր նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: 2017-ին երկու երկրների նախագահները մեկ ամսվա տարբերությամբ միմյանց այցելեցին, և ըստ լրատվամիջոցների, քննարկումների օրակարգում էր նաև գազի հարցը:Տարիներն անցան, գազը Հայաստան այդպես էլ չհասավ:
Թուրքմենստանը բնական գազի պաշարներով աշխարհում ամենախոշորներից է: Կենտրոնական Ասիայի այս երկրից կապույտ վառելիքի արտահանման զգալի մասը Չինաստանին է բաժին է ընկնում:
Թուրքմենստանն աշխարհի ամենաբռնատիրական ու փակ երկրներից մեկն է համարվում: Հեղինակավոր Freedom House -ը այն ռեպրեսիվ ու ավտորիտար է որակում, որտեղ քաղաքացիական ազատությունները գրեթե բացակայում են: Ըստ տարբեր վերլուծությունների, Թուրքմենստանն այժմ փորձում է դուրս գալ ինքնամեկուսացումից: Պաշտոնական Աշխաբադը Եվրոպա գազ մատակարարելու պատրաստակամության մասին է հայտարարում:
Մարտի սկզբից թուրքմենական գազը Իրանի տարածքով Թուրքիա է հասնում: Ձեռք բերված պայմանավորվածությամբ մինչ այս տարվա ավարտ Թուրքիա 1.3 միլիարդ խորանարդ մետր կապույտ վառելիք կմատակարարվի: Երկրների միջև բանակցությունները ձգվել են գրեթե 30 տարի: