Մատչելիության հղումներ

Երևանը Բաքվին առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը


Հայաստան - Երկաթուղու՝ շրջափակման հետևանքով արդեն տասնյակ տարիներ չգործող Երասխի հատվածը, արխիվ
Հայաստան - Երկաթուղու՝ շրջափակման հետևանքով արդեն տասնյակ տարիներ չգործող Երասխի հատվածը, արխիվ

Թեև ճանապարհների ապաշրջափակման հարցը Երևանն ու Բաքուն հանել են խաղաղության պայմանագրից, բայց դրա շուրջ քննարկումներն ու փոխադարձ մեղադրանքները չեն դադարում: Այս պայմաններում Հայաստանի արտգործնախարարությունն Ադրբեջանին առաջարկում է օր առաջ սկսել ապաշրջափակման գործընթացը: Պաշտոնական Երևանն առաջարկն այսօր է հնչեցրել՝ պնդելով, թե ապաշրջափակման սկզբունքները 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում նույնական են:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը», - հայտարարում է Արտգործնախարարության խոսնակը:

Թե կոնկրետ ինչ առաջարկներ են փոխանցվել ադրբեջանական կողմին և ինչպես է Բաքուն արձագանքել, չի գաղտնազերծվում, բայց Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից ակնհայտ է՝ ճանապարհների բացման հարցում կողմերի պատկերացումները շարունակում են բացարձակ տարբեր մնալ:

Անցած շաբաթավերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարության ապաշրջափակման կետին անդրադառնալիս կրկին պնդել է՝ այդ հարցում Ռուսաստանի գործառույթը մոնիտորինգի իրականացումն է, թե որքանով է Հայաստանը կատարում պարտականությունը։

«Ավելին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետում որևէ տեղ չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավազորություն որևէ կերպ սահմանափակվելու է, որ Հայաստանի Հանրապետության մի քառակուսի մետր տարածքի վրա որևէ ուրիշ երկիր սահմանելու է որոշակի վերահսկողություն։ Չկա նման բան ընդհանրապես և չի կարող լինել», - հայտարարել է Փաշինյանը:

Բաքվից Հայաստանի ղեկավարին շարունակում են մեղադրել ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփութություն ցուցաբերելու մեջ՝ հորդորելով չխեղաթյուրել իրականությունը։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր ի պատասխան հիշեցրել է 9 կետանոց այդ հայտարարության մյուս դրույթների՝ Լաչինի միջանցքի, փախստականների վերադարձի, գերիների հայրենադարձության մասին, ապա մեկնաբանել նաև եռակողմ հայտարարության վերջին՝ 9-րդ կետը, առավել հստակեցնելով Երևանի տեսակետը.

«Հայաստանն իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ռուս սահմանապահներին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ»:

Հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացում են ռուս սահմանապահները: Հայաստանցի բանակցողները անցած տարիներին ուղիղ չէին պնդում, թե համաձայնեցված այս կետը չի ենթադրում ռուսների ֆիզիկական ներկայություն: Հակառակը՝ մինչև անցած տարի հունիսին էլ հայտարարվում էր, թե այդ հարցով հստակ պայմանավորվածություն չկա:

«Գործառույթի մասով, գործառույթի իրականացման ձևի մասով դեռևս քննարկումներ պետք է լինեն», - փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս հայտարարությանը նախորդել էր հունիսի 2-ին ապաշրջափակման հարցով մոսկովյան հանդիպումը, որից հետո Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե այդ բանակցություններին շոշափելի առաջընթաց է արձանագրվել: Հետագայում այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ առաջընթացի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը:

Սրան զուգահեռ դադարեցին նաև հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը։ Այժմ բացի Բաքվից նաև Մոսկվան է Երևանին մեղադրում ձեռք բերված պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու համար: Իսկ Երևանի «Խաղաղության խաչմերուկը» դեռ մնում է թղթի վրա:

«Ադրբեջանն ասում է՝ «լավ, եթե Հայաստանը մեր պայմաններով կապ չի տրամադրում, չի ուզում կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, շատ լավ, ուրեմն մենք այդ կապի համար կօգտվենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից»: Այս խոսույթը ինքնին նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի կապը, էն պայմանները, որոնցով էդ կապը գործում է, էդ նշանակում է՝ Ադրբեջանի համար ընդունելի է», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

Այսօր Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանի արևելյան շրջաններից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ՝ Հայաստանի տարածքով, և այդ նախագիծն Ադրբեջանի հետ իրականացնելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG