Բաքուն և Երևանը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից վեճերը հետ կանչել և հետագայում չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչև համաձայնագրի ստորագրման պահը, այսօր խորհրդարանում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու պահանջ Բաքուն է ներկայացնում, հարցն, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղության պայմանագրի կետերից է:
Նիկոլ Փաշինյանը 2024 թվական նոյեմբերին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել էր, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել:
Արցախի վրա 2020 և 2023 թվականների հարձակումներից հետո Հայաստանը Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացել ՄԻԵԴ, ևս մեկը՝ Հաագայի արդարադատության դատարան: Հայաստանն այդ հայցերով անդրադառնում է 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Բաքվի իրականացրած հանցագործություններին, գերիների դատավարությանը, նրանց ապօրինի բանտարկությանը, Ադրբեջանի զինուժի՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժմանը, Արցախի շրջափակմանը, բնակչության տեղահանմանը։
Իրավապաշտպանների պնդմամբ, եթե Հայաստանն առանց գերիների վերադարձի հետ կանչի գործերը միջազգային դատարաններից, կստեղծվի փակուղային իրավիճակ։
«Գանգատների հետկանչի սցենարի դեպքում հարցը կմնա բացառապես քաղաքական տիրույթում։ Եթե քաղաքական լուծումները չաշխատեն, այս անձինք հայտնվելու են անպաշտպան իրավիճակում, և նրանց կյանքը բացառապես կախված է լինելու Բաքվի իշխանությունների քմահաճույքից», - «Ազատության» հետ զրույցում ասել էր իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։