Արդեն երկու շաբաթ է՝ Երևանի թիվ 172 հիմնական դպրոցում դասերը հեռավար են: Տնօրենի որոշմամբ՝ սեպտեմբերի 6-ին աշակերտները տարհանվել են, որովհետև 4 հարկանի դպրոցի վերևի հարկերում տատանումներ են զգացվել:
Գայանե Մկրտչյանը կարծում է, որ դպրոցի հարակցի տարածքում ընթացող շինարարությունն է պատճառը: Իսկ այնտեղ՝ «Ռենշին» ընկերությունը 35 հարկանի 5 բարձրահարկերից կազմված բնակելի համալիր է կառուցում:
«Բոլոր պատկան մարմինները եկան, իրենք էլ նստեցին աթոռների վրա և նկատեցին, որ ժամանակ առ ժամանակ կան էդ տատանումները: Մեծ մեքենաներ, ծանր շինարարական աշխատանք այս պահին չի կատարվում, մենք ձայներից էլ ենք զգում, երբ որ ձայները շատ էին, տատանումը փաստորեն կար, հիմա էդ ձայներ չկան, մենք տատանումներ չունենք», - ներկայացրեց տնօրենը:
Մասնագիտական խորքային ուսումնասիրության համար դպրոցի տնօրենը սեպտեմբերի 6-ին դիմել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենին, նախարարի տեղակալին ու Երևանի քաղաքապետին: Պատասխան նամակով քաղաքապետարանից փոխանցել են՝ մինչև մասնագիտացված կազմակերպությունները կպարզեն, թե ինչ կապ կա հարակից շինարարության ու դպրոցում նկատված ցնցումների միջև, առաջարկում են դասերը շարունակել հեռավար:
Լիցենզավորված ընկերություններից մեկի ինժեներաերկրաբանական հետազոտությունների պատասխանը տնօրենն արդեն ստացել է:
«Տարածքում մինչև 10 գծամետր խորությամբ հորատման աշխատանքներն իրականացնելու ընթացքում բացասական երևույթներ չեն հայտնաբերվել, որոնք կարող էին պատճառ հանդիսանալ ցնցումների առաջացմանը Ձեր կողմից նշված մասնաշենքում: Սա տվել է «Հայր և որդի Տիտիզյաններ» ՍՊԸ-ն, որը կատարել է ինժեներաերկրաբանական հետազոտությունները», - ասաց Գայանե Մկրտչյանը:
«Ռենշին» ընկերությունը Բաղրամյան - Օրբելի փողոցների խաչման հատվածում գտնվող շուրջ 35,000 քմ տարածքում է կառուցում բնակելի այդ համալիրը:
Այստեղ նախկինում գործել է զինվորական նախկին հոսպիտալը: «Ռենշին»-ը հերքում է դպրոցի տատանումների հետ իրենց շինարարության կապը։ «Ազատության»-ը տված գրավոր պատասխանում այդ մտավախությունները որակել են «ենթադրություն» և վստահեցրել՝ իրենց շինարարությունը «որևէ կերպ չի կարող խանգարել դասապրոցեսին»։
Օրբելի 23 հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ նախագիծն էլ, ըստ «Ռենշին»-ի, իրականացնում են սեյսմակայունության ու բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման և շահագործման փորձ ունեցող արևմտյան ընկերություններ։
«Շինհրապարակում ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ՝ Երևանում բոլոր շինհրապարակներում կիրառվող տեխնիկայով և տեխնոլոգիայով։ Մեր շինհրապարակում ներկայումս որևէ արտառոց բան տեղի չի ունենում», - հայտնում է «Ռենշին»-ը։
Դպրոցի տնօրենն էլ պնդում է՝ լիցենզավորված ընկերություններից մեկի պատասխանն արդեն հուշում է, որ խնդիրը դպրոցից չէ. - «Դպրոցը չունի ոչ մի բացասական պատճառ, որը կարողանար առաջացնել այդ տատանումները, այսինքն, դա դպրոցի հետ կապված չէ: Կարծում եմ՝ տրամաբանական ինչ-որ մի բան պիտի լինի, բոլորս էլ հասկանում ենք ինչը պիտի լինի, երևի մի արտաքին գործոն պետք է գործեր, հենց այնպես շենքը չէր կարող ինքն իրեն տատանվել, ոչ մեկս նստած տեղը չենք կարող տատանվել»:
Այդուհանդերձ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցը դեռ սպասում է քաղաքապետարանի պատասխանին, քաղաքապետարանից էլ պնդում են, թե բոլոր հարցերի պատասխանները կտա Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, որի վերջնական եզրակացությունը դեռ չունեն։
Թեև մամուլն արդեն 2 շաբաթ է, ինչ գրում է այս խնդրի մասին, բայց Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանաք, որ քաղաքապետարանից միայն այսօր են իրենց դիմել այդ եզրակացությունը ստանալու համար։
«Այսօր քաղաքապետարանից դիմել են Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, գործիքային հետազոտություններ են կատարվել, ավարտելուն պես կտրվի եզրակացություն», - հայտնեցին ՆԳՆ-ից:
Մինչ դպրոցն ու քաղաքապետարանը սպասում են Սեյսմիկ ծառայության վերջնական պատասխանին, ներկայանալ չցանկացող ծնողներից մեկն ասաց՝ իր երեխային քաղաքի վերջնամասերից է այդ դպրոց բերում ու տարակուսած է՝ փոխել երեխայի դպրոցը, թե՝ որ:
1961 թվականին կառուցված դպրոցը երբեք չի հիմնանորոգվել, միայն կոսմետիկ նորոգումներ ու 90-ականներին հիմքի ամրացում: Տնօրեն Գայանե Մկրտչյանի խոսքով՝ մինչև տնօրեն դառնալն ինքն այդ դպրոցում դասավանդել է, եղել փոխտնօրեն ու իր գործունեության 44 տարիների ընթացքում այսպիսի տատանումներ չի զգացել: