Երևանի ոսկու շուկաների հարյուրավոր աշխատողներ այսօր կառավարության շենքի առջև էին՝ շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքի ակցիայի։
Հունվարի 1-ից Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի շրջանառության հարկը բարձրացավ 5-ից մոտ 10 տոկոսի։ Նորամուծությունից դժգոհ են գրեթե բոլորը։
Ակցիայի մասնակիցներից Միսակ Մայիլյանի խոսքով՝ ոսկյա զարդերի առևտրով զբաղվողներին հուզում է ոչ միայն հարկի բարձրացումը, այլև բարդացված վարչարարությունը՝ բազմաթիվ պարտադիր փաստաթղթեր, իսկ չունենալու դեպքում՝ տուգանվելու վտանգը։
«Ոսկին յուրահատուկ բնագավառ է, որն ունի շատ բարձր գին ինքնարժեք հասկացողության։ Այսօր 86 դոլարից ավելին է գրամի արժեքը, եթե դրա վրա 10 տոկոս է կիրառվում և մնացած ծախսերը, այդ պարագայում անհնարին է ազնիվ աշխատել», - ասաց նա։
«Շրջանառության 5 տոկոսը մեծ թիվ է, ոսկու գինը, որ տեսնեք՝ ինչքան է աճել ու աճելու է, դա նորություն չի, բոլորը գիտեն», - հավելեց Նարինե Կիրակոսյանը։
Բարդացված վարչարարության ու բարձրացված հարկի արդյունքում առևտրով զբաղվողները վստահ են՝ հարկեր թաքցնողների թիվն է ավելանալու։
Արդյոք գործադիրը օրենքի փոփոխությունից ու հարկի բարձրացումից առաջ հանդիպումներ ունեցել է շրջանառության հարկի դաշտում Հայաստանում աշխատող ավելի քան 50 հազար փոքր ու միջին ընկերությունների տարբեր ներկայացուցիչների հետ. համենայն դեպս ոսկերչության ոլորտում ներգրավված մարդիկ որևէ քննարկման չեն եղել։ Ավելին, ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունից առաջ կառավարությունը չի կազմել այսպես կոչված՝ ազդեցության գնահատման փաստաթուղթ։
«Ոչ թե գրում են միայն ազդեցությունը, այլև գրվում է, թե վարքագծային ինչ կանոններ կփոխվեն, այդ փոքր բիզնեսը կարո՞ղ է ապահովել այդ կանոնները, թե իրենից անկախ կան այլ բիզնեսներ, որոնք այդ հումքը մատակարարում են, և ինքն ուզենա էլ, չի կարող այդ ամեն ինչն ապահովել», - շեշտեց նա։
Շրջանառության հարկի բարձրացումը կառավարությունը բացատրում է «խոշոր բիզնեսի ստվերը կրճատելու» նպատակով, քանի որ փոքր ու միջին բիզնեսի հարկային արտոնություններից հաճախ օգտվում էին մեծերը։
Հակոբ Ավագյանի կարծիքով, սակայն, օրենքի փոփոխությունից հետո փոքր ու միջին բիզնեսի համար վերացող հարկային արտոնությունների հետ կարող են փակվել այդպիսի հարյուրավոր բիզնեսներ, այդ թվում՝ մարզերում, որտեղ գործարարները հաճախ ավելի խոցելի են։
Նոր կարգավորմամբ ՓՄՁ ներկայացուցիչները կարող են կրճատել իրենց հարկը, եթե նրանց ողջ շրջանառությունը փաստաթղթավորված լինի։ Ոսկու առևտրի դեպքում, ասում են, դա գրեթե անհնար է։
Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը գնացին կառավարություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այնտեղ դիմում են գրել՝ պահանջելով հանդիպում որևէ պատասխանատու պաշտոնյայի հետ։ Դիմումի պատասխանը կստանան արդեն 1 շաբաթ անց։