«Մեր քաղաքացիական կյանքում ունենում ենք շատ ինքնասպանություններ, ունենում ենք շատ դժբախտ պատահարներ։ Չգիտեմ՝ ինչո՞ւ այդ մասին չեք խոսում», - այսպես է Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն արձագանքում հարցին, թե ինչ է անում իշխանությունը, որ զինծառայողների ինքնասպանությունների ու սպանությունների դեպքերը նվազեն:
Լրագրողները հիշեցնում են՝ բանակում վերջին մեկ շաբաթում մահվան երկու դեպք է գրանցվել, մեկի դեպքում վարույթը հարուցվել է սպանության, մյուսի դեպքում՝ ինքնասպանության հոդվածներով։ Իշխանականն ի պատասխան ավտովթարներից մահերի վիճակագրությունն է ներկայացնում: Զինծառայողը պետության պատասխանատվության ներքո է, տեղի՞ն է նման զուգահեռներ անցկացնելը, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. - «Այդ նույն խտացված վիճակը երբեմն բանակում ավելի խտացված արտահայտվում են այն խնդիրները, որոնք սոցիումի մեջ կան»։
Ոչ մարտական պայմաններում վերջին տասն ամիսներին 28 զինծառայող է մահացել, նախորդ տարի՝ 53, 2022-ին՝ 38: Արդեն 6-րդ տարին է՝ իշխանությունը հայտարարում է բանակում լայնածավալ բարեփոխումների մասին, բայց Արմեն Խաչատրյանը նախընտրում է ազնիվ ասել՝ չի լինի այնպիսի իրավիճակ, երբ բանակում դժբախտ դեպքերն ու մահերը բացառվեն։
«Բանակը վտանգի առավել աղբյուր է, և այնտեղ մարդիկ շփվում են զենքի հետ», - նկատեց նա։
Տարեսկզբին, երբ մեկ օրում ոչ մարտական պայմաններում երկու զինծառայող մահացավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարեց բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ հետևողական աշխատել։ Ինչո՞ւ դրանից հետո էլ պատկերը չի փոխվում, արդյո՞ք քաղաքական պատասխանատուների թերացումը չէ սա, օրինակ՝ նախարար Սուրեն Պապիկյանը պիտի՞ հեռացվի պաշտոնից, հարցից զայրացած Արմեն Խաչատրյանը իր թիմակից նախարարի հրաժարականի մասին լսել անգամ չի ուզում:
«Այսօր բանակի մեջքը ուղղելուն ուղղված գործողությունները Սուրեն Պապիկյանն իրականացնում է պատշաճ, դրա համար էլ մենք առայժմ այդ բնույթի հարցեր չենք ունենում», - նշեց նա։
Զինված ուժերում ոչ թե բարեփոխումներ են, այլ դրա իրականացման իմիտացիա. ընդդիմություն
Ընդդիմության գնահատմամբ՝ զինված ուժերում ոչ թե բարեփոխումներ են, այլ դրա իրականացման իմիտացիա: Պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընդգծում է՝ դրա վկայությունն են նաև մահերը ոչ մարտական պայմաններում:
«Արդեն տևական ժամանակ է՝ մարտական հերթապահությունը 15՝ 2 շաբաթվա տևողության փոխարեն 2 ամիս է մինչև հասնում, դեպքեր կան՝ ավելի երկար։ Բնականաբար, մարտական հերթապահության մեջ գտնվող, ավելի դժվար պայմաններում գտնվող զինծառայողների միջանձնային հարաբերությունների թեկուզ այդ հոգեբանական լարվածությունը մի կայծ էլ բավական է, որ այդ ամենը հանգեցնի դժբախտ դեպքերի», - ասաց պատգամավորը։
Դա միայն մտահոգիչ է, լուծումները գտնելը բոլորիս առաջնահերթ նպատակներից մեկն է. Քոչարյան
Խնդիրներից իշխանությունը տեղյակ է, վստահեցնում է Պաշտպանության հանձնաժողովի նախագահը: Անդրանիկ Քոչարյանը միևնույն ժամանակ ընդունում է՝ լուծումներ չեն գտնում. - «Եթե այսօր զորամասերում «նայողների» ինստիտուտը վերացված է, բայց ինքնասպանությունները շարունակում են մեզ ուղեկցել, և դա ոչ միայն մտահոգիչ է, դրա լուծումները գտնելը մեր բոլորիս առաջնահերթ նպատակներից մեկն է նաև»։
Իշխանության հավաստիացումները, թե բանակում իրական բարեփոխումները ժամանակատար են, Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամի համար համոզիչ չեն:
«Լավ, ե՞րբ է վերջնաժամկետն այս ամենի, լուծումները ե՞րբ պիտի լինեն, 10 տարի, 20 տարի, թե՞ մի ամբողջ հավերժություն այս իշխանությունը պետք է մնա իշխանության, զինված ուժերը նաև ծառայեցնի իր քիմքին համապատասխան, ու հետո երբ է արդյունքը լինելու», - հարցնում է Գեղամ Մանուկյանը։
Հնարավոր է՝ իշխանությունն ու ընդդիմությունը առաջիկայում ոլորտի պատասխանատուների հրավիրեն խորհրդարան՝ քննարկելու բանակի խնդիրները։