Հայկական ծագումով օսկարակիր, գրեմիակիր աստղ երգչուհի Շերը վերջերս նամակով դիմել է Հայաստանի նախագահին, կառավարությանը, քաղաքապետարանին՝ խնդրելով ազատ արձակել միայնությունից տառապող Երևանի կենդանաբանական այգու միակ փղին՝ Բունկային։
«Այսօր գրում եմ ձեզ ոչ միայն որպես արտիստ, որը խորը կապ ունի իր հայկական ժառանգության հետ, այլ նաև որպես Free The Wild-ի համահիմնադիր: Խնդրում եմ ձեր ուշադրությունը ինձ համար շատ կարևոր հարցի շուրջ- Բունկա փղին ազատեք։ Կարեկցանքի այս արարքը հիանալի կանդրադառնա Երևանի կենդանաբանական այգու վրա։ Ես սիրով և հարգանքով խնդրում եմ, որ թույլ տաք Բունկային տեղափոխել մի վայր, որտեղ նա կարող է քայլել, վազել և շրջել իր միջավայրում փղերի հետ», - նշել է երգչուհին։
Երևանի կենդանաբանական այգու միակ փիղը՝ Բունկան դեռ մենակ է զբոսնում, ինքն իրեն զբաղեցնում՝ կնճիթն այս ու այն կողմ պտտելով.. ոչ հարսնացու գտավ, ոչ էլ անգամ ընկեր ունի։ 16-ամյա փղի ճակատագիրն արդեն մի քանի տարի է՝ հուզում է տասնյակ հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում:
Համաշխարհային տասնյակ աստղեր, կենդանիների բարեկեցությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններ «Ազատություն Բունկային» խորագրով մի քանի տարի է ստորագրություններ են հավաքում, ավելի քան 80 հազար մարդ արդեն իսկ միացել է կոչին։
Շերլին Սարգսյանի նամակից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց Հայաստանի ղեկավարությունից պատասխան չկա. Երևանի կենդանաբանական այգում կարդացել են նամակը, բայց ասում են՝ սա իրենց որոշելիքը չէ։ Փիղն իրենց սեփականությունը չէ, համայնքինն է։
Բունկային շատ են սիրում, չէին ցանկանա նրանից բաժանվել, շտապում է հավելել փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը։
Հունվարին միջազգային մասնագետների հերթական խումբը Երևան կգա՝ Բունկայի հոգեբանական և ֆիզիկական վիճակը գնահատելու։ Կենդանին սեռահասունացման շրջանում է, այգում հասկանում են՝ ընկերուհի է պետք։
Թեպետ արդեն մի քանի տարի է՝ կենդանիներին պաշտպանող տեղական և միջազգային կառույցներն ուշադրության կենտրոնում են պահում Բունկային, փղի միայնության հարցն այդպես էլ չի լուծվում։ Հայտնի է միայն, որ Երևանի հաջորդ տարվա բյուջեով միջոցներ են նախատեսված՝ կենդանաբանական այգում փղի նոր ազատավանդակի կառուցման համար։ Տնօրինությունն էլ հույս ունի՝ հետո նվեր կստանան ևս մեկ կամ երկու փիղ։
Կենդանաբանական այգիների իմաստը միայն զվարճանքը չէ, հակադարձում է «Փրո փուոզ» բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։
Բունկայի օրինակով ավելի մեծ խնդիր է բարձրաձայնում՝ Հայաստանը շատ վատ վարկանիշ ունի վայրի կենդանիների բարեկեցության ապահովման առումով, իսկ քաղաքային իշխանությունն այս առումով խուլ է:
«Դա ոչ միայն գիտահետազոտական, կրթական նշանակության, այլև տեսակի պահպանման համար է: Մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք, որպեսզի Հայաստանը կարողանա ունենալ այնպիսի կենդանաբանական այգի, որը միջազգային նվազագույն չափորոշիչներին կհամապատասխանի», - ասաց Արամյանը:
Հայաստանը ոչ մի ֆինանսական բեռ չի կրի Բունկայի տեղափոխման համար, իր նամակում վստահեցրել է Շերն՝ ընդգծելով՝ նրա վերաբնակեցումը զգույշ ու պրոֆեսիոնալ կիրականացվի։
Կենդանաբանական այգու փոխտնօրենը, սակայն, չի կարծում, թե տեղափոխությունը լավագույն սցենարն է։
Բունկան Երևան է եկել 10 տարի առաջ. այդ նույն ժամանակ Հրանտ փիղը՝ ընկերուհու՝ Մաշայի դրամատիկ մահից հետո տեղափոխվեց Թբիլիսի՝ իր նոր սիրո հետևից, որն էլ պարզվեց Բունկայի մայրիկն է։ Իսկ թե երբ Բունկան կհանդիպի իր առաջին սիրուն, հայտնի չէ, դեռ տեխնիկական հարցեր են քննարկվում, ռոմանտիկայի ժամանակ չկա։