Հունիսի 25-ին Լյուքսեմբուրգում պաշտոնապես կմեկնարկեն Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները։
Հունիսի 7-ին Եվրոպական հանձնաժողովը ԵՄ Խորհրդին առաջարկեց սկսել Եվրամիությանն անդամակցելու հարցով բանակցություններն Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիզոներոն հայտարարեց, որ «Ուկրաինան և Մոլդովան կատարել են բոլոր պայմանները։ Այժմ որոշման ընդունումը վերապահվում է անդամ երկրներին»։
Ուկրաինայի համար բանակցություններ սկսելու նախապայմաններ էին՝ հակակոռուպցիոն խստացումը, քաղաքական լոբբինգի սահմանափակումը, պաշտոնյաների գույքի հայտարարագրման կանոնների փոփոխությունը և ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր հայտարարել է, որ բանակցությունների ավարտին Ուկրաինան ընդամենը երեք քայլով հեռու կլինի ԵՄ լիիրավ անդամակցությունից․ Եվրահանձնաժողովի եզրակացություն՝ բանակցությունների հաջող ավարտի ու անդամակցության չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ, ԵՄ-ին միանալու մասին համաձայնագրի ստորագրման որոշում և երրորդը՝ համաձայնագրի վավերացում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների և ԵՄ անդամակցություն ձեռք բերող Ուկրաինայի կողմից։
ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը ներկայացվել է 2022 թվականի փետրվարի 28-ին, թեկնածուի կարգավիճակը շնորհվել է չորս ամիս անց՝ հունիսի 23-ին։
Բանակցությունների մեկնարկն ինքնին չի նշանակում արագ անդամակցություն ԵՄ-ին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ Ուկրաինան կարող է ԵՄ անդամ դառնալ մինչև 2030 թվականը, «եթե երկու կողմերն էլ կատարեն իրենց տնային աշխատանքը»։