Մատչելիության հղումներ

Աղքատությունը նպաստում է էբոլայի տարածմանը


Էբոլան տարածվում է վարակված մարդկանց արյան և մարմնի հեղուկների միջոցով: Հիվանդության համաճարակը սակայն, ըստ փորձագետների, թափ է հավաքում նաև աղքատության և ոչ պատշաճ կառավարման պատճառով:

Արևմտյան Աֆրիկայի պետություններում էբոլայով վարակվածներին բուժելու համար հաստատությունները նոր են կառուցվում, և հիվանդները մինչ այժմ պահվում են վրաններում:

Թյուլեյն համալսարանից վիրուսաբան, դոկտոր Դանիել Բաուշի համաձայն, տարածաշրջանի հիվանդանոցներից շատերը համալրված չեն նույնիսկ ամենաանհրաժեշտ սարքավորումներով: Նա ասում է, որ Սիերա Լեոնեում կամ Լիբերիայում հիվանդանոցների աշխատողները հաճախակի բողոքում են ձեռնոցների կամ մաքուր ասեղների բացակայությունից:

Աֆրիկայում էբոլայի տարածման վայրերում առողջապահական համակարգի վիճակը ծանր է, ինչը, ըստ փորձագետի, ունի մեկ ընդհանուր բացատրություն:

«Էբոլայի և դրան շատ նման «Մարբուրգ» վիրուսների համաճարակները տեղի են ունենում այն վայրերում, որտեղ սոցիալական և քաղաքական խռովությունների պատճառով վերացել է առողջապահության համակարգը», - ասում է դոկտոր Բաուշը:

Այսպես, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում, որտեղ չեն դադարում պատերազմները, տեղի է ունեցել էբոլայի արդեն վեց համաճարակ: Սիերա Լեոնեում և Լիբերիայում առողջապահության համակարգերը փլուզվել են անցյալ դարավերջի և այս դարասկզբի քաղաքացիական պատերազմի հետևանքով: Գվինեայում բռնատիրությունը և կաշառակերությունը գնալով խորացնում են աղքատությունը:

«Անպատասխանատու կառավարման ժամանակաշրջանը խարխլել է առողջապահության և այլ համակարգերը և համաճարակների տարածման համար խոցելի դարձրել այս պետությունները», - ասում է Դանիել Բաուշը:

Էբոլայով տառապող տարածաշրջանների բնակիչների մոտ գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը նույնպես խոցելի է դարձնում նրանց: Այս տարածաշրջաններում շարունակվող անտառահատումները ստիպում են այնտեղ ապրող չղջիկներին, որոնք համարվում են վարակը տարածող կենդանիներ, դուրս գալ բաց տարածքներ, ինչը նպաստում է վիրուսի տարածմանը:

Աղքատությունը, բացի այդ, ստիպում է մարդկանց սննդի համար օգտագործել վայրի կենդանիների միսը, որը նույնպես վիրուս է պարունակում:

«ԷկոԱռողջություն դաշինք» կազմակերպությունից դոկտոր Ուիլյամ Քարեշը, սակայն, պնդում է, որ համաճարակները հնարավոր է վերահսկել: Նա վկայակոչում է Ուգանդայի օրինակը:

«Այդ երկրում նույնպես տեղի են ունենում համաճարակներ, սակայն դրանք շատ արագ վերցվում են վերահսկողության տակ», - ասում է նա:

Հերթական համաճարակի ավարտից հետո այս երկրի իշխանությունները, ըստ փորձագետի, սկսում են նախապատրաստվել մյուսին:

«Անհնար է կանխել երկրաշարժերը, սակայն հնարավոր է նախապատրաստվել և նվազեցնել դրանց ազդեցությունը: Նույնը վերաբերում է նոր հիվանդություններին և էբոլային», - ասում է Ուիլյամ Քարեշը:

Նրա կարծիքով, կթական և առողջապահական համակարգերում ներդրումների կատարումը կնպաստի ապագայում համաճարակների զոհերի թվի նվազեցմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG