Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ուկրաինացի նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության համար կասկածվողը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 25-ին հայտարարել է, որ ձերբակալվել է նախկին պատգամավոր Իրինա Ֆարիոնի սպանության համար կասկածվողը:

Զելենսկին Telegram-ում գրել է, որ ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իրեն տեղեկացրել է հուլիսի 19-ին տեղի ունեցած հրաձգության մեջ կասկածվող 18-ամյա երիտասարդի կալանավորման մասին։

Կլիմենկոն իր հայտարարության մեջ նշել է, որ կասկածյալը առնվազն երեք բնակարան է վարձել Լվովում՝ Ֆարիոնի վրա հարձակումը նախապատրաստելիս:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը կարողացել է բացահայտել կասկածյալի ինքնությունը, սակայն որոշել է չհրապարակել տեղեկատվությունը։

Կասկածյալի հայրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իր որդին չէր կարող Ֆարիոնին սպանելու շարժառիթ ունենալ։

«Ես այս պահին մարտի դաշտում եմ և որոշ ժամանակ է՝ չեմ տեսել որդուս, պարբերաբար հեռախոսով խոսել եմ նրա հետ»,- պատմել է տղամարդը՝ հավելելով, որ որդին Դնեպրի միջնակարգ դպրոցն է ավարտել։

«Ազատություն» ռադիոկայանը նաև հարցազրույց է անցկացրել Դնեպրի բնակիչների հետ, այդ թվում՝ մեկ կնոջ, ով կասկածյալին նկարագրել է որպես «շատ լավ տղա»:

Ուկրաինայի ամենահայտնի ազգայնական գործիչներից մեկը՝ Իրինա Ֆարիոնը սպանվել է հուլիսի 19-ին:

Ֆարիոնը հայտնի էր Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ռուսաց լեզվի կիրառման դեմ իր կոշտ ելույթներով։ Նախորդ տարի նա հայտնվել էր սկանդալի կիզակետում այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ «ուկրաինական բանակի կազմում կռվող ռուսախոս զինվորականները իսկական ուկրաինացիներ չեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG