Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով կալանավորված Գագիկ Ծառուկյանի փեսան է և եղել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավարը:
Քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, թե ինչպես են իրավապահները, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները մտնում Աբրահամյանի առանձնատուն, պառկեցնում նրան, ձեռնաշղթաներ կապում ու տանում:
Քննչականը հայտարարում է, որ 2023-ի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը «պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից»:
Քննչական կոմիտեն խիստ անձնական մանրամասներով է ներկայացրել այս պատմությունը: Մասնավորապես հայտնել են. «Ա.Ա.-ն կնոջը կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակցի միջոցով»: Վերջինս էլ, Քննչականի փոխանցմամբ՝ հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։
Արգամ Աբրահամյանը մեղադրվում է պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար, Աբրահամյանը ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է համարել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը.
«Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։ Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաև այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հայտարարությունում: