Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում չեն դադարում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Վաշինգտոնում չեն դադարում պատմական ոճրագործության պաշտոնական ճանաչման շուրջ քննարկումները: Կողմերը ընդունում են 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի զանգվածային կոտորածները իբրև եղելություն, սակայն տարբեր մոտեցումներ են դրսևորում դրա ճանաչման եզրույթների շուրջ:

Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներն ու միջոցառումները չեն դադարում: Մեծ եղեռնի շուրջ հրապարակային ելույթների մեխը ցեղասպանության ճանաչումն է հանուն արդարության գաղափարի և աշխարհի ամերիկյան առաջավարման բարոյական իրավունքի:

Ներկայացուցիչների պալատից դեմոկրատ Բրեդ Շերմանը Կապիտոլիումի առջև հանդես է եկել ոգեշունչ ելույթով. - «Մենք այստեղ ենք՝ ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 ամյակը: Այդ ցեղասպանությունը ճանաչել են սենատորներ Օբաման, Քերրին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուերը, որը գիրք է գրել այդ մասին: Ուստի ես կոչ եմ անում և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմիններին կրկնելու նույնը»:

Կոնգրեսական Շերմանը ասել է, որ իրենք անում են այդ ամենը՝ փորձելով ԱՄՆ-ին դնել պատմության ճիշտ կողմում. - «Դա կարևոր է այն առումով, թե ով ենք մենք իբրև ժողովուրդ և որն է մեր դերը՝ աշխարհը առաջնորդելու բարոյական իրավունք ունենալու առումով: ԱՄՆ-ն աշխարհով սփռված անլուծելի համարվող հակամարտություններում կարգավորման ու հաշտեցման բազմաթիվ հանձնախմբեր ունի, սակայն մենք երբեք չենք հաջողացրել այդ միջնորդությունները խեղաթյուրման ռազմավարության միջոցով»։

Շերմանը շեշտեց, որ պետք է Թուրքիայի կառավարությանը ցույց տալ, որ չենք ընկճվելու ու անտեսելու պատմությունը՝ «քանի որ ցեղասպանության վերջին քայլ հանդիսացող դրա մերժումը առաջին քայլն է հաջորդ ցեղասպանության համար»։

Սակայն վաշինգտոնյան քաղաքական դաշտում հակառակ մոտեցումներ էլ կան: Օրինակ՝ Ցեղասպանությանը այլ կերպ է վերաբերվում Վաշինգտոնի ԿԱՏՕ հաստատության վելուծաբան Դագ Բանդոուն: Ըստ նրա՝ կոտորածները տեղի են ունեցել ոչ թե Թուրքիայում, այլ՝ Օսմանյան կայսրությունում, և այդ երկրի այսօրվա քաղաքացիները պատասխանատվություն այդ կոտորածների համար կրում են այնքանով, ինչքանով Սիրիայի կամ Իրաքի քաղաքացիները, որոնք Օսմանյան կայսրության մաս էին, իսկ տարածքային առումով Թուրքիայի նկատմամբ պահանջները նա անվանում է անտեղի, քանի որ Հայաստանը այն ժամանակ պետություն չի եղել ու նրա նկատմամբ հողային բռնազավթում նույնպես չի իրականացվել:

«Պետք է պատկերացնել ներկա քաղաքական վիճակը ու Թուրքիայի դերը տարածաշրջանում ու աշխարհում, նրա տնտեսական, ռազմական ու քաղաքական կշիռը ու ներուժը: Այդ պայմաններում նրանից տարածքային կամ դրամական փոխհատուցում պահանջելը իրատեսական չէ և հակառակը՝ ավելի թշնամացնելու է կողմերին միմյանց նկատմամբ», - ասում է վերլուծաբանը։

Հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի առումով նա ասում է, որ նման զարգացումները սպասելի էին, կապված կողմերի քաղաքական կշիռների տարբերության հետ ու թուրքական կողմի ավելի ազդեցիկ ու կարողունակ լինելու պատճառով:

Կալիֆորնիայից ԱՄՆ-ի Կոնգրես ընտրված առաջին չինական ծագումով ամերիկուհի Ջուդի Չունը՝ Դեմոկրատական կուսակցությունից, համարում է, որ բարոյական պարտավորություն է իրերը կոչել իրենց անուններով. - «Մարդկանց մասամբ կոտորել և մասամբ էլ ստիպողաբար տարել են անապատ մահանալու, այդ ամենը ժամանակակից ամերիկյան դեսպանը անվանել է «մահվան երթ» և մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG