Մատչելիության հղումներ

Դոհայում այսօր կշարունակվեն Գազայի հարցով երեկ մեկնարկած բանակցությունները


Հրետակոծությունից ավերված շենքեր Գազայում, 11-ը օգոստոսի, 2024թ․
Հրետակոծությունից ավերված շենքեր Գազայում, 11-ը օգոստոսի, 2024թ․

Գազայում Իսրայելի հարվածների ֆոնին՝ Դոհայում այսօր կշարունակվեն զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով երեկ մեկնարկած բանակցությունները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կատարի ու ԱՄՆ պաշտոնյաներին։

Բանակցություններից տեղյակ ԱՄՆ անանուն պաշտոնյան, Reuters-ին ասել է, որ հինգշաբթի կայացած բանակցությունները «կառուցողական» են եղել:

ԱՄՆ ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ լրագրողների հետ ճեպազրույցում սա «կենսական աշխատանք» է որակել՝ նշելով․ - «Մնացած խոչընդոտները կարելի է հաղթահարել, պետք է ավարտին հասցնենք այս գործընթացը»։

Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի օրն առանձին զեկույց են հրապարակել՝ նշելով, որ ավելի քան 10 ամիս ընթացող մարտերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը։ Նշվել է նաև, որ առնվազն վեց պաղեստինցի է զոհվել հինգշաբթի գիշերն Իսրայելի օդային հարվածներից։ Ավելի վաղ իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել նաև Ռաֆահ և Խան Յունիս քաղաքների թիրախներին:

Հինգշաբթի ուշ երեկոյան Տելեգրամում հրապարակված հայտարարության մեջ ծայրահեղական «Համաս» խմբավորման քաղբյուրոյի անդամ Հոսամ Բադրանն ասել է, որ «Իսրայելի շարունակական գործողությունները խոչընդոտ են հրադադարի հարցում առաջընթացին»:

Նշվում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի պաշտոնյաները չեն մասնակցել երեկվա բանակցություններին։

Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։ «Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հայաստանը ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը։

Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ հուլիսի վերջին՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանություններից հետո։

Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղեցին դեպի Իսրայել՝ սպառնալով պատասխան գործողություններով:

«Վերջին հնարավորություն»՝ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններով մտահոգված կողմերը, փորձագետներն այսպես են գնահատում բանակցությունները՝ ենթադրելով, որ Գազայի հատվածում հրադադարը գուցե համոզի Իրանին և Լիբանանի «Հեզբոլա»-ին չհարվածել Իսրայելին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG