Ռուսական հարձակումների ակտիվացման և ռուսական զորքերի առաջխաղացման ֆոնին՝ Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են երկրի կենտրոնական-արևելյան Դնեպրոպետրովսկի մարզի բնակավայրերից տարհանել գրեթե 2 հազար 200 երեխայի և նրանց խնամակալներին։
Պարտադիր տարհանում է հայտարարվել մարզկենտրոն Դնեպրից արևելք գտնվող 16 բնակավայրերում։ Լուրը հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Գանժայի սոցիալական ցանցերում արված հրապարակմանը։
«Մեկ ամսվա ընթացքում երեխաներ ունեցող ընտանիքները պետք է լքեն այս տարածքները։ Ծնողները, խնամակալները կամ օրինական ներկայացուցիչները պետք է 2 հազար 177 երեխաների տեղափոխեն ավելի անվտանգ շրջաններ», - հայտնել է Գանժան։
Նրա խոսքով՝ տարհանվածներին կտեղափոխեն տարանցիկ կենտրոններ և կօգնեն նոր բնակարաններ գտնելու հարցում։
Դնեպրոպետրովսկի մարզը հաճախակի ենթարկվում է Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների։
ՄԱԿ-ի տվյալներով՝ հուլիսին Ուկրաինայում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է ռուսական ներխուժման առաջին ամիսներից ի վեր ամենաբարձր մակարդակին։