Հայկական պատվիրակությունը դեռևս չի արձագանքել COP-29-ին մասնակցելու հրավերին, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ցավով պետք է նշենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս չի արձագանքել COP-29-ին մասնակցությանը», - ասել է Հաջիևը՝ նշելով, որ Բաքուն հրավերներ է ուղարկել Կոնվեցիայի մասնակից բոլոր 198 կողմերին։
«Ադրբեջանական կողմը պայմաններ է ստեղծել Կոնվենցիայի անդամ բոլոր կողմերի համար։ Չնայած հայկական կողմը գրանցված է, սակայն Հայաստանից ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռ չի ստացվել», - նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նախօրեին «Ազատության»-ն ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա՝ մասնակցել Բաքվում մեկնարկած Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի վեհաժողովին, թե՝ ոչ, և ինչ մակարդակով։
Նա շեշտեց, որ Հայաստանի որոշումը կախված է լինելու մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումներից։
«Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ», - ասաց փոխարտգործնախարարը։
Բաքվում պաշտոնական տվյալներով 23 հայ գերի է պահվում, այդ թվում՝ Արցախի 8 նախկին ղեկավարները։
«Ազատության» հարցին՝ և՛ խաղաղության պայմանագրի, և՛ գերիների վերադարձի հարցը խնդիրների մի՞ խումբ է, Կոստանյանը պատասխանեց․ - «Այո»։