Մատչելիության հղումներ

«Դեռևս ցանկություն չունեմ». Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ քաղաքականությամբ կզբաղվի


Գրեթե երեք տարվա կալանքից օրեր առաջ ազատված Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ քաղաքականությամբ կզբաղվի, սակայն դեռևս նման ցանկություն չունի։ Հրիթռներրի գործով հերթական նիստից առաջ լրագրողները Տոնոյանից հետաքրքրվում էին՝ հնարավոր է արդյոք նախկին նախարարը մասնակցի վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության ցույցերին։

«Մի հարց տամ էլի, ես այդքան անլուրջ անձնավորության տպավորություն են ստեղծո՞ւմ, ոչ թե խոսքը գնում է ցույցերի մասնակցության կամ չմասնակցության կամ ինչ-որ մի բանի, ես դեռևս ցանկություն չունեմ քաղաքականությամբ զբաղվելու, դեռևս չունեմ», - պատասխանեց Տոնոյանը:

56-ամյա Տոնոյանը հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել, այդ թվում՝ արդյոք իրեն քաղաքական հալածյալ համարո՞ւմ է։ Միայն ասաց՝ գիտի՝ ինչու 7 մեղադրյալներից հենց ինքը բանտում անցկացրեց գրեթե 3 տարի՝ առանց հարցի պատասխանը հնչեցնելու. - «Այն, ինչ ես հայտարարել եմ ժամանակին, հիմա էլ ամեն մի բառիս տակ կստորագրեմ կրկին»:

Պետությունից շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող Տոնոյանը դեռևս բանտում գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։ Այսօր էլ վերստին պնդեց՝ քրեական գործով «անպիտան» որակված հրթիռները պիտանի են ու գործածելի։

«Թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ», - ասաց նախկին նախարարը:

Նախկին նախարարն այդքանով սահմանափակվեց ու ասածը հիմնավորող փաստեր չներկայացրեց։ Նրա պաշտպանները բազմիցս հայտարարել են, թե հրթիռները արտաքին զննությամբ են անպիտան որակվել, իսկ անհրաժեշտ տեխնիկական փորձաքննությունը չի անցկացվել։

«Հուսով եմ, որ նոր փորձաքննություն կնշանակվի», - հայտարարեց Տոնոյանը:

Իրավապահները պնդում են, թե հենց Դավիթ Տոնոյանի ղեկավարման ընթացքում՝ 2018-ին Պաշտպանության նախարարությունն ավելի քան 4 հազար հատ ժամկետանց, մեկ անգամ արդեն չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված հրթիռներ է գնել։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ հրթիռների մի մասը մատակարարումից որոշ ժամանակ անց չեն կրակել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հրթիռների գործով նիստերը մեկնարկից՝ 2022 թվականից սկսած դռնփակ են՝ պետական գաղտնիքի պատճառաբանությամբ։ Ինքը Տոնոյանն ու նրա փաստաբանները բազմիցս պնդել են, որ նիստերը հրապարակային լինեն։

«Խնդրում եմ՝ բոլորդ պահանջեք, որպեսզի մեր դատական նիստերը լինեն հրապարակային, խնդրում եմ, պահանջեք, ես պահանջում եմ», - նշեց նա:

Հիմա դատարանը հարցաքննում է վկաներին։

Արդյոք դատախազությունը կբողոքարկի՞ Տոնոյանին ազատ արձակելու որոշումը, գերատեսչությունից «Ազատությանը» հայտնում են, որ կքննարկեն այդ հարցը, երբ ստանան որոշումը։

Այս գործով բացի առանցքային մեղադրյալի՝ Դավիթ Տոնոյանից, ևս 6 մեղադրյալ կա, այդ թվում՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, բանակի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու զենք ներկրող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Նրանք բոլորն ազատության մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG