Գլխավոր դատախազությունը փորձում է Մայր Աթոռի տնօրինության տակ գտնվող միջնադարյան եկեղեցին վերադարձնել պետությանը։ Հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Ապարանի համայնքապետի։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ դատախազությունը դատարանից խնդրում է անվավեր ճանաչել համայնքապետի որոշումը, որով համայնքի սեփականությունն է դարձել Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հետո էլ այն համայնքը նվիրել է Հայ առաքելական եկեղեցուն։
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը տարակուսած է. - «Ո՞ւմ տանք, եթե Մայր աթոռին չենք տալիս»:
Եկեղեցին 2019-ին են փոխանցել Մայր աթոռին։ Համայնքապետն ասում է՝ մինչև այդ, այդտեղ կովեր էին արածում, անխնամ վիճակ էր։ Հիմա լիարժեք գործող հոգևոր կառույց է:
«Պսակադրություն է լինում, թաղման արարողակարգ, մարդիկ մոմ են վառում, տուրիստներ են գնում-գալիս, եթե էդ վատ ա, մեզ պետք չի, բան չասի», - նշեց Եղիազարյանը:
Խնդիրն այն է, որ ինքնակամ կառույց համարված ու համայնքին սեփականաշնորհված 13-րդ դարի եկեղեցին ընդգրկված է մշակույթի հուշարձանների ցանկում։
Կրթական գերատեսչության հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը շեշտում է՝ կապ չունի, որ սուրբ Աստվածածինը մինչև այս գործարքը գրանցում չի ունեցել, օրենքով պետությանն է։
Ապարանի համայնքապետն էլի հարցեր ունի. - «Լավ, եթե հուշարձաններինն է, Կադաստրը ո՞նց գրանցեց»:
Ի դեպ, դեռ 90-ականներին կառավարության որոշմամբ՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկից շուրջ 200 հնագույն եկեղեցիներ Մայր աթոռի սեփականությունն են դարձել։ Հիմնականում գործող եկեղեցիները։ Եղիպատրուշի սուրբ Աստվածածինը 20-րդ դար է հասել կիսաքանդ վիճակում, վերականգնվել 80 ականների վերջին։
Մայր աթոռի ունեցվածքի թափանցիկության թեման իշխանության օրակարգ մտավ այն ժամանակ, երբ Բագրատ արքեպիսկոպոսը վարչապետի հրաժարականի պահանջով հարթակ բարձրացավ: Մայր աթոռին եկեղեցի նվիրելու մասին վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից էլ ահազանգեց:
«Ազատության» տեղեկությամբ՝ Եղիպատրուշի Սուրբ Աստվածածնի փոխանցման գործարքի նմանությամբ Մայր աթոռին է տրվել նաև Արագածոտնի Աստվածընկալ վանքը։ Էջմիածնի դիրքորոշումը այս գործընթացի վերաբերյալ չկարողացանք ճշտել։ Այստեղ հարցերն անպատասխան թողեցին։
Ապարանի համայնքապետը սպասում է որոշման՝ եթե սխալ բան են արել եկեղեցին Մայր աթոռին նվիրելով, պատրաստ են շտկել, միայն թե Սուրբ Աստվածածինը գործի, անասուններ ելումուտ չանեն:
Բայց դատախազությունը Սուրբ Աստվածածինը պետությանը վերադարձնելու հարցում առայժմ հաջողություններ չունի։ Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է, վերաքննիչը անփոփոխ է թողել այդ մերժումը։ Դատարանները հիմնավորել են այդ գույքի վերադարձով դատախազությունը չէ որ պետք է զբաղվի։
Գլխավոր դատախազությունն արդեն վճռաբեկ բողոք է ներկայացրել։