Մատչելիության հղումներ

Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել․ Շրջանի ղեկավար


Փոխհրաձգություն Մախաչկալայի սինագոգում և եկեղեցում անվտանգության ուժերի և հարձակվողների միջև, 23-ը հունիսի, 2024թ․
Փոխհրաձգություն Մախաչկալայի սինագոգում և եկեղեցում անվտանգության ուժերի և հարձակվողների միջև, 23-ը հունիսի, 2024թ․

Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Զոհվել են նաև մի քանի խաղաղ բնակիչներ։ Հանրապետությունում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել», - Տելեգրամում գրել է Մելիքովը։

Երեկ երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել են եկեղեցին և սինագոգը, ինչպես նաև կրակել են ոստիկանական ավտոմեքենաների վրա: Առնվազն մեկ ոստիկան է զոհվել: Baza-ն էլ հաղորդեց «սինագոգից քաղաքացիական անձի» սպանվելու մասին:

Դերբենտին զուգահեռ, անհայտ անձինք հարձակում են կատարել նաև մայրաքաղաք Մախաչկալայում: Նրանք գնդակոծել են Ճանապարհային պարեկային ծառայության հենակետը Երմոշկինի փողոցում: Այդ փողոցում գտնվող սինագոգը նույնպես այրվում է: Հաղորդվեց նաև Մախաչկալայի ուղղափառ եկեղեցու պահակի զոհվելու մասին:

Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, քաղաքներից ելքն արգելվել է։

Հակաահաբեկչական գործողություններ Դաղստանում, 24-ը հունիսի, 2024թ․
Հակաահաբեկչական գործողություններ Դաղստանում, 24-ը հունիսի, 2024թ․

«Ազատության» "Настоящее время" ծրագրի փոխանցմամբ, Մախաչկալայում չորս հարձակվողներ սպանվել են, Դերբենտում անվտանգության ուժերը ներխուժել են տուն, որտեղ թաքնվել էին ահաբեկիչներ։ Թե ինչ էին ուզում հարձակվողները, հայտնի չէ։

Դերբենտում և Մախաչկալայում հարձակումների փաստերով քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հատկանիշներով, փոխանցել են հանրապետության Քննչական կոմիտեից:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմինները, հաղորդում է, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, ըստ աղբյուրի, Դերբենտի և Մախաչկալայի ահաբեկչությանը նրա որդիների հավանական առնչության համար։ Օմարովի բնակության վայրում խուզարկություններ են կատարվել, նա հարցաքննվել է։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ Օմարովը հեռացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից՝ վարկաբեկող գործողությունների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG