COP29 համաժողովում երկրները համաձայնել են տարեկան 300 միլիարդ դոլար տրամադրել՝ օգնելու զարգացող երկրներին դիմակայել կլիմայի փոփոխություններին։
Երկարատև բանակցություններից հետո ստացված գործարքին որոշ պատվիրակներ հոտնկայս ծափահարել են հենց COP29-ի լիագումար նիստի դահլիճում: Մյուսները քննադատել են հարուստ երկրներին ավելին չանելու համար, իսկ հյուրընկալող Ադրբեջանին՝ ծրագրին հապճեպ հավանություն տալու համար։
ՄԱԿ-ի կլիմայի ղեկավար Սայմոն Սթիլը խոստովանել է, որ բանակցությունները բավականին դժվար են եղել։
«Բայց, մենք ավարտեցինք», - ասել է Ստիլը, - «Այս գործարքը կաջակցի մաքուր էներգիայի աճին և կպաշտպանի միլիարդավոր կյանքեր»:
Համաձայնագիրը նախատեսում է տարեկան 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում մինչև 2035 թվականը՝ հիմնվելով հարուստ երկրների նախկին պարտավորությունների վրա:
Բանակցությունները պետք է ավարտվեին ուրբաթ օրը, սակայն ձգձգվեցին, քանի որ գրեթե 200 երկրների ներկայացուցիչները չէին կարողանում կոնսենսուսի հասնել:
Ավարտից հետո էլ Հնդկաստանի ներկայացուցիչն, օրինակ, դժգոհել է, որ «այս փաստաթուղթը ոչ այլ ինչ է, քան պատրանք», և որ այն չի լուծի խնդրի մասշտաբները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի հավակնոտ արդյունքի հույս ուներ։