Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը երկարատև հարաբերություններ են ունեցել: Դրանք նոր վայրիվերումներ ապրեցին, երբ վերջերս Քլինթոնը քննադատեց նախագահին արտաքին քաղաքականության համար:
Մինչ ընկերներ և դաշնակիցներ դառնալը նրանք հակառակորդներ էին: Սակայն թեև Բարաք Օբաման հաղթեց 2008-ի ներկուսակցական ընտրություններում, նա շատերին զարմացրեց՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո նշանակելով Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնին:
«Մենք նվիրված ենք մեր երկրի արժեքներին, շահերին ու անվտանգությանը, ունենք անհամաձայնություններ, սակայն ես հպարտ եմ, որ ծառայել իր հետ և իր համար», - ասել է Քլինթոնը:
Սպիտակ տան փոխխոսնակ Էրիկ Շուլցը ասել է, որ Օբաման և Քլինթոնը միահամուռ են երկրին վերաբերող խնդիրների շուրջ, անգամ եթե ունենում են որոշակի տարաձայնություններ, և նախագահը բարձր է գնահատում նրա խորհուրդները:
Եթե Քլինթոնը փորձի նախագահ ընտրվել, ակնկալվում է նախագահի հետ նրա տարաձայնությունների խորացում, ասում է վերլուծաբան Թոմաս Մանը:
«Քլինթոնը ավելի հարձակողական է իր հայացքներում: Կարծում եմ, որ նա բավականին անկեղծ է իր արտաքին քաղաքական տեսլականում: Դա չեմ համարում փայլուն մարտավարություն իր ընտրվելու համար», - նշում է Մանը:
Հանարապետականները պատրաստվում են Քլինթոնի ընտրարշավին, սակայն բավականին մշուշոտ է, թե ընտրություններում ով նրանց շարքերից երևան կգա, ասում է մասնագետ Ջոն Ֆորթիերը Երկկուսակցական քաղաքական կենտրոնից: «Կարծում եմ, հանրապետականների համար գլխավոր մարտահրավերն է գտնել Քլինթոնին համարժեք և հայտնի թեկնածու», - նշել է նա:
Բրուքինգս հաստատությունից Թոմաս Մանը ասում է, որ նոյեմբերին կայանալիք Ներկայացիչների պալատի համար ընտրություններում հանրապետականները ակնհայտ առավելություն ունեն, հատկապես որ նախագահը Ֆերգյուսոնի և Իրաքի դեպքերի հետ կապված այդքան էլ ժողովրդականություն չի վայելում: