Մատչելիության հղումներ

Չինաստանում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի էներգետիկայի նախարարները


Փարվիզ Շահբազով, Աբբաս Ալիաբադի, Ցինդաո, 23-ը հոկտեմբերի, 2024թ․
Փարվիզ Շահբազով, Աբբաս Ալիաբադի, Ցինդաո, 23-ը հոկտեմբերի, 2024թ․

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Չինաստանի Ցինդաո քաղաքում, «Գոտի և ճանապարհ» համաժողովի շրջանակներում, հանդիպել է իր իրանցի գործընկեր Աբբաս Ալիաբադիի հետ։

Ադրբեջանցի նախարարն արդյունավետ է գնահատել հանդիպումը՝ տեղեկացնելով, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի շուրջ համագործակցության հարցեր։

«Մասնավորապես, քննարկել ենք Խուդաֆերինի, Գըզ Քալասի, Օրդուբադի հիդրոէլեկտրակայանների նախագծերի իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկ ցանցերի ինտեգրման հարցեր», - X-ում գրել է Շահբազովը՝ նշելով, որ քննարկել են նաև էլեկտրաէներգիայի արտահանման և տարածաշրջանում էներգետիկ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։ Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։

Այս տարվա մայիսի 19-ին Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ կայացավ Խուդաֆերինի ամբարտակի շահագործման հանձնման և Գըզ Քալասի հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը։

Նույն օրն ավելի ուշ հաղորդվեց, որ Էբրահիմ Ռայիսիին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը հետ վերադարձի ճանապարհին «կոշտ վայրէջք» է կատարել։ Իրանի նախագահն ու ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG