Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել


Ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները դեպքի վայրում, Ցետինյե, 1-ը հունվարի, 2024թ․
Ոստիկանությունն ու անվտանգության աշխատակիցները դեպքի վայրում, Ցետինյե, 1-ը հունվարի, 2024թ․

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) Ցետինյե քաղաքում հունվարի 1-ին հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ է սպանվել, հաղորդում է «Ազատության» բալկանյան ծառայությունը։

Զոհերի թվում նաև երկու երեխա կա։ Եվս չորս մարդ վիրավոր է, հաղորդել է երկրի Ներքին գործերի նախարարությունը։ Վիրավորները, ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր վիճակում են։

Կասկածյալը, ըստ Reuters-ի, 45-ամյա Ալեքսանդր Մարտինովիչն է, ով միջադեպերից հետո ինքնասպանության փորձ է կատարել, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ոստիկանությունը նշել է, որ Մարտինովիչը խմած է եղել, իսկ կրակոցներից առաջ վիճաբանություն է եղել։

Քննիչների տվյալներով՝ նա նախ քաղաքի կենտրոնում գտնվող հաստատություններից մեկում չորս մարդու է սպանել, ապա մեկնել քաղաքի չորս այլ հատվածներ ու սպանել ևս 6 հոգու։ Մահացածների թվում են նաև կասկածյալի ընկերներն ու կնքահայրը։

Չեռնոգորիա, 1-ը հունվարի, 2024թ․
Չեռնոգորիա, 1-ը հունվարի, 2024թ․

Ոստիկանությունը պարզաբանել է՝ միջադեպն առնչություն չունի հանցավոր խմբերի միջև կոնֆլիկտների հետ։ Նշվում է, որ Մարտինովիչը 2005 թվականին անկարգությունների համար դատապարտված է եղել մեկ տարվա ազատազրկման, սակայն հասարակության համար որպես վտանգ ներկայացնող անձ չի համարվել: 2022-ին նրա մոտ զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերել։ Այդ ժամանակ նա դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման։

Ցետինյեն մայրաքաղաք Պոդգորիցայից մոտ 30 կիլոմետր է հեռու։

Ողբերգության կապակցությամբ Չեռնոգորիայի կառավարությունն այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարել։ Պոդգորիցայում, Բուդվայում և Կոտորում ամանորյա համերգները չեղարկվել են։

Չեռնոգորիայի իշխանությունները քննարկում են զենքի օգտագործումն ամբողջությամբ արգելելու հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG