Հայաստանն այսօր «խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, արատավոր երևույթներ», որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, թշնամանքի, պառակտումի, այսօր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ պատգամում նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Գարեգին Երկրորդը շեշտել է, որ սիրո, հաշտության, արդարության ճանապարհով գնալու կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։
«Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։ Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին»,- ասել է նա։
Որպես ազգ հաջողելու համար Վեհափառը նշել է՝ պետք է ձերբազատվել մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից, միաբանվել հանուն պետության անվտանգության, Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։
«Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։ Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում», - ասված է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում։
Վեհափառը Սուրբծննդյան հայրապետական պատարագն էր այսօր մատուցում Էջմիածնի Մայր տաճարում։
Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին՝ իշխանության ներկայացուցիչները կրկին ներկա չէին Պատարագին։ Վարչապետը տոնը երեկ շնորհավորել է սաղմոսներով։
301 թվականից՝ քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց ի վեր, ամեն տարի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և ողջ աշխարհասփյուռ հայությունը նշում է տարվա հոգևոր 5 տաղավար տոներից առաջինը՝ Հիսուսի հրաշափառ ծննդյան և Աստվածհայտնության տոնը։