Մատչելիության հղումներ

Չեղարկված թռիչքներ, ընդհատված եթերներ, բանկային ծառայությունների պարալիզացում՝ աշխարհի տարբեր կետերում


Չեղարկված թռիչքներ, ընդհատված եթերներ, բանկային ծառայությունների պարալիզացում: Այսօր առավոտից Microsoft-ի օգտատերերն ամբողջ աշխարհում ահազանգում են համակարգի խափանման մասին։ Տասնյակ խոշոր ավիաընկերություններ հայտարարեցին, որ պատճառը Microsoft Azure հարթակի ձախողումն է, Windows -ի օգտատերերն էլ հայտնեցին, որ խնդիրներն առաջացել են Crowdstrike հակավիրուսային ծրագրի թարմացման ընթացքում։

Հիմնական պատճառն ու հասցված վնասի չափը դեռ պարզ չէ: Microsoft-ը X -ում անմիջապես գրեց՝ խնդիրը փորձում են կարգավորել, բայց ժամեր անց էլ աշխարհի տարբեր կետերից բողոքը չէր դադարում։ CrowdStrike-ի կիբերանվտանգության ընկերության գործադիր տնօրեն Ջորջ Կուրցը X սոցիալական հարթակում շտապեց հանգստացնել՝ սա կիբերհարձակում չէ, խնդիրը հայտնաբերվել է և շտկվել:

Ամերիկյան FlightAware-ի տվյալներով՝ այսօր առավոտյան 5:58-ի դրությամբ 518 չվերթ է չեղարկվել է, ավելի քան 720-ը՝ հետաձգվել։ Մի քանի օրից Փարիզում մեկնարկող օլիմպիական խաղերը ևս տուժել են՝ օլիմպիական պատվիրակությունները ուշացել են, տեղ չեն հասել համազգեստներն ու հավատարմագրերը։

Ավստրալիայից մինչև Հնդկաստան, Չինաստանից մինչև Եվրոպա օդակայաններում մարդիկ վաղ առավոտից անորոշության մեջ են։ Պաշտոնական բացատրություն դեռ չկա՝ արդյոք փոխհատուցում ստանալու են ծրագրային խափանումների հետևանքով անելանելի վիճակում հայտնված մարդիկ։

«Մենք չէինք հասկանում՝ ինչ է տեղի ունենում, հետո ասացին, որ համակարգային խնդիր է։ Սպասեցինք այնքան, մինչև պարզվեց, որ թռիչքը չեղարկվել է։ Հիմա փորձում ենք մեկ այլ տոմս գտնել, բայց 600 դոլար է, հուսահատվել ենք», - ասում է ուղևորներից մեկը, մյուսը՝ հավելում. - «Մենք որևէ տեղեկություն չունենք՝ ինչ է կատարվում։ Ոչ մի համակարգիչ չի աշխատում։ Ներսուդուրս անելու որևէ տարբերակ չկա։ Բոլոր մոնիտորներն անջատված էին, մահվան կապույտ էկրան էր ամենուր»։

Երևանի «Զվարթնոց» օդակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ «Զվարթնոց»-ում ևս որոշ ավիաընկերությունների մոտ խափանումներ եղել են, չվերթներ են ուշացել։ Կեսօրն անց՝ 4,30-ի դրությամբ 5 չվերթ հետաձգվել էր։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով` աշխարհում տեղի ունեցող քաոսը, այդուամենայնիվ, Հայաստանի կողքով, կարելի է ասել, գրեթե աննկատ է անցել։ Մի քանի չվերթներից բացի, ըստ Պապյանի, այլ լուրջ խափանումներ չեն նկատվել։

«Խնդիրը ոչ թե Microsoft-ի հետ է կապված, այլ Crowdstrike անվտանգության համակարգի։ Դա նոր սերնդի հակավիրուսային անվտանգության լուծում է, որը տեղադրված է լինում միայն շատ կարևոր վայրերում, և խնդինը առաջացել է միայն այն համակարգիչների հետ, որտեղ տվյալ լուծումը տեղադրված է եղել։ Հայաստանում գրեթե չի օգտագործվում Crowdstrike-ի այդ լուծումը, և հետևաբար, Հայաստանում մենք չենք տեսել սրա որևէ դրսևորում, բնականաբար, թռիչքների ու վնասների մասին հարցը պետք է ուղղել «Զվարթնոցին», - ասաց նա։

Ծրագրային խնդիրների պատճառով աշխարհում նաև հեռուստաևռադիոհեռարձակումներ են խափանվել։ Մասնավորապես SkyNews -ի գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ առավոտյան եթերը հնարավոր չի եղել հեռարձակել։ Ավստրալիայի պետական ABC հեռուստաընկերությունն էլ տեղեկացրել էր ցանցի անջատման մասին։

Խափանվել է աշխատանքը նաև բանկերում, հիվանդանոցներում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Հոլանդիայում ստիպված են եղել չեղարկել վիրահատություններ, Ավստրալիայի խոշորագույն բանկի՝ Commonwealth-ի հաճախորդները չեն կարողացել գումարային փոխանցումներ անել, Լոնդոնում և Սինգապուրում նավթի և գազի առևտրով զբաղվող մի շարք խոշոր գրասենյակների աշխատանքը պարալիզացվել է։

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբերանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։ Ընկերությունից հայտնում են, որ թեև գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է, այդուհանդերձ Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում դեռևս նկատվում է մնացորդային ազդեցությունը։

XS
SM
MD
LG