Մատչելիության հղումներ

Բյուլբյուլօղլուն կոչ է արել «չքաղաքականացնել» ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով նոր ճանապարհ ստեղծելու հնարավորությունը


Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու, արխիվ
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու, արխիվ

Պուտինի՝ Բաքու այցի ֆոնին ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությունը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին հարց է ուղղել Հարավային Կովկասում Վաշինգտոնի քաղաքականության վերաբերյալ։

«ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Բաքվում մտահոգություն կա՞, որ Վաշինգտոնը կրկին փորձում է խարխլել հարավկովկասյան տարածաշրջանը», - հարցրել է ՏԱՍՍ-ը։

Դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ուղիղ չի պատասխանել, փոխարենը հորդորել է «չքաղաքականացնել այդ հարցը»։

«Ես չէի քաղաքականացնի այդ հարցը։ Տրանսպորտային ցանկացած նախաձեռնություն ամենևին չի նշանակում, որ երբ բացվի նոր միջանցքը, բոլորն անմիջապես կթողնեն արդեն իսկ փորձարկված ու հարմար ճանապարհը և կվազեն դեպի նոր երթուղի։ Դա ամենևին էլ այդպես չի աշխատում»,- պատասխանել է ադրբեջանցի դիվանագետը՝ հավելելով, որ գործընթացը ժամանակատար է, մեծ ներդրումներ և բազմաթիվ երկրների համաձայնությունն է պահանջում։

Դեսպանի համոզմամբ, տրանսպորտային միջանցքը «ապրանքների և մարդկանց փոխադրման հնարավորություն է»։

Վաշինգտոնը կարևորելով տարածաշրջանի ապաշրջափակման թեման բազմիցս հայտարարել է, որ խաղաղությունը ոչ միայն Կովկասի, այլև շատ ավելի ընդարձակ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցն է, որոնք եվրոպական շուկաներ կարող են հասնել՝ շրջանցելով Չինաստանն ու Ռուսաստանը։

«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- Երևանում Բաքու այցից առաջ հայտարարել էր Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG