Գյումրիից հայ-թուրքական սահմանի Մեղրաշատ հարս եկած Թեհմինա Խաչատրյանը 4 տարի առաջ կոտրեց գյուղում եղած կարծրատիպը, բուժքույրի մասնագիտությունը փոխեց ու գործարար դարձավ՝ հիմնելով գյուղի առաջին ու առայժմ միակ ջերմոցը։
«Ես մտածել եմ՝ կարո՞ղ եմ անել, հողից չհասկացող մարդն ինչպես կարող է գալ, ջերմոցի մեջ աշխատել», - «Ազատությանն» ասում է նա։
Ամուսնու ծնողները պատմում են, որ Թեհմինան 2 «Կամազ» մեքենա հողը միայնակ է ջերմոց տեղափոխել։ Սկեսրայրը՝ Հակոբ Գրիգորյանը սկզբում հարսի մտահղացմանը թերահավատորեն է վերաբերվել, թե կլիմայական այս պայմաններում ինչ ջերմոց։ Հետո ամուսիններով որոշել են օգնել հարսին ու չեն փոշմանել։
«Էկո լոլիկ» ջերմոցը հիմնելուն աջակցել են «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն և «Հաց աշխարհին» գերմանական կազմակերպությունը։ 90 քառակուսի մետրում հիմնականում պոմիդոր են աճեցնում։ Ձմռանը ջերմոցը չեն կարողանում շահագործել, քանի որ վառելիքի ծախսը կարող է գերազանցել եկամուտը։
36-ամյա կինը մտադիր է ևս մեկ ջերմոց հիմնել ու նաև արևային վահանակներ տեղադրել, որպեսզի կարողանա լուծել ջեռուցման հարցն ու շուրջ տարին բերք ստանալ։ Դիմել է դոնոր կազմակերպություններին, սպասում է պատասխանի։
Հոկտեմբերի վերջին ջերմոցի դուռը կփակեն, սեզոնն էլ կհամարվի ավարտված։ Ընթացքում դժվարությունների բախվել են, նոր տնկած սածիլները գարնանը ցրտահարվել էին։ Բայց չեն հուսահատվել, նորն են տնկել ու բերք ստացել։ Իրացման հարցում խնդիր չունեն։ Մի մասը սուպերմարկետներին են վաճառում, մյուսը գյուղում է սպառվում։
Հիմա Թեհմինան ավելի քիչ ժամանակ է տրամադրում ջերմոցին։ 7 հոգանոց ընտանիքին օգնելու համար դաշտերում բերք է հավաքում։ Ամուսինն էլ արտագնա աշխատանքի է։ Ջերմոցի հիմնական խնամքը թողել է սկեսրայրին ու սկեսրոջը։
Երկու երեխաների մայրն ասում է՝ գյուղում հիմա իրենից շատերն են հարց ու փորձ անում, թե ինչպես սեփական փոքր բիզնեսը հիմնեն։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.