Բրյուսելում հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանն ու նրա կինը: Ամուսինները, որոնք կողուպուտի զոհ են դարձել, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բելգիական աղբյուրները։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին Բրյուսելի Ստեֆանի հրապարակի մոտ։ Հարձակվողներն ատրճանակի բռնակով հարվածել են հրապարակում զբոսնող ադրբեջանցի դիվանագետ Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ գլխին, գողացել նրանց ժամացույցները, որոնց ընդհանուր արժեքը, ըստ աղբյուրի, կազմում է 90 հազար եվրո։
Հաղորդվում է նաև, որ Բրյուսելի դատախազությունը հետաքննում է տեղի ունեցածը:
Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում դեսպան Հուսեյնզադեն հաստատել է հարձակման փաստը։ «Ափսոսանք է հարուցում, որ մամուլում չափից շատ է ուռճացվում մեր գողացված ժամացույցերի արժեքի շուրջ թեման։ Թեև մեր ժամացույցները Rolex մակնիշի են, դրանք մետաղական, սովորական մոդելներ են», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։