Մատչելիության հղումներ

Բրիտանիան փորձում է նոր ամուր կապեր հաստատել Եվրամիության հետ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դիմավորում է Ելիսեյան պալատ ժամանած Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին, Փարիզ, 29-ը օգոստոսի, 2024թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը դիմավորում է Ելիսեյան պալատ ժամանած Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին, Փարիզ, 29-ը օգոստոսի, 2024թ.

Մեծ Բրիտանիան փորձում է նոր ամուր կապեր հաստատել Եվրամիության հետ Բրեքզիթից 4 տարի անց։ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր առաջին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմներից բացի, օրակարգային կարևոր հարցն էր ԵՄ- Մեծ Բրիտանիա հարաբերությունների վերականգնումը:

«Երկկողմ հարցեր ենք քննարկել՝ առևտրի, պաշտպանության և անվտանգության շուրջ, բայց խոսքն արդեն հարաբերությունների ավելի ընդգրկուն վերականգնման մասին է՝ ոչ միայն Ֆրանսիայի, այլև ընդհանրապես Եվրամիության հետ», - Մակրոնի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սթարմերը, որ Փարիզ էր ժամանել Բեռլինից։

Սթարմերի երկօրյա ուղևորությունը ԵՄ գերտերություններ՝ Գերմանիա և Ֆրանսիա, մի նպատակ ունի՝ վերականգնել խզված հարաբերությունները Եվրոպայի հետ, ինչի ճարտարապետը, Բրիտանիայի վարչապետի ձևակերպմամբ, նախկին պահպանողական կառավարությունն էր։ Անցած ամիս վարչապետի պաշտոնը ստանձնելիս Սթարմերն ասել էր՝ ջանք չի խնայելու՝ բարելավելու կապերը Եվրամիության հետ՝ Բրիտանիայի տնտեսական աճը խթանելու համար:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի համատեղ ասուլիսը Բեռլինում, 28-ը օգոստոսի, 2024թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի համատեղ ասուլիսը Բեռլինում, 28-ը օգոստոսի, 2024թ.

Պաշտպանությունից, անվտանգությունից մինչև առևտուր: Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ, նախքան Փարիզ մեկնելը, Քիր Սթարմերը Բրիտանիա-ԵՄ հարաբերությունների վերականգնման հավակնոտ մի պայմանագրի շուրջ էր խոսել։

«Մենք խոսում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների ավելի լայն համագործակցության մասին։ Ես պարզ եմ ասում՝ այո, մենք ցանկանում ենք վերականգնել, վերագործարկել մեր հարաբերություններն այս կառույցի հետ։ Սակայն սա չի նշանակում հետընթաց: Սա չի նշանակում, որ հրաժարվում ենք Բրեքզիթից կամ կրկին փորձում ենք մուտք գործել միասնական շուկա, մաքսային միություն։ Սա նշանակում է սերտ հարաբերություններ մի շարք ճակատներում, ներառյալ՝ տնտեսությունը, պաշտպանությունը», - Բեռլինում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետը:

Հավակնոտ պայմանագրի հիմքում պաշտպանական ոլորտի համագործակցությունն է, որն օգնելու է Եվրոպական միությանը միասին դիմակայել անկայուն աշխարհի սպառնալիքներին։

Գերմանիան պատրաստ է բռնել Մեծ Բրիտանիայի մեկնած ձեռքը, երեկ կանցլեր Օլաֆ Շոլցն է հայտարարել համատեղ ասուլիսի ժամանակ։

«Միացյալ Թագավորությունը միշտ եղել է հիմնական խնդիրների լուծման անփոխարինելի մասը, որոնք ազդում են ամբողջ Եվրոպայի վրա։ Սա չի փոխվել անգամ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո», - ընդգծել է Շոլցը:

Եվրոպական երկօրյա այցից հետո Սթարմերը տուն է գնում ԵՄ ծանրակշիռ պետությունների առաջին դեմքերից ստացած խոստումներով։ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր համաձայնությունն է տվել՝ խորացնելու կապերը Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում։ Շոլցն ու Սթարմերն էլ հույս են հայտնել, որ երկրների միջև համագործակցության պայմանագիրը կստորագրվի «մինչև հաջորդ տարվա սկիզբը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG