Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան հանրաքվե է անցկացնելու ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ


Մեծ Բրիտանիա - Անկախության կուսակցության առաջնորդ Նայջըլ Ֆարաջ, 30-ը հուլիսի, 2015թ․
Մեծ Բրիտանիա - Անկախության կուսակցության առաջնորդ Նայջըլ Ֆարաջ, 30-ը հուլիսի, 2015թ․

Անցյալ տարին բազմաթիվ փորձությունների առաջ կանգնեցրեց Եվրոպական միությանը՝ Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նոր ալիքից սկսած մինչև Հունաստանի պարտքի ճգնաժամը: Եվ հորիզոնում այսօր առկայծում է մի նոր ճգնաժամ՝ կապված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի հետ:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դեռևս իր ընտրարշավի ժամանակ էր շեշտը դնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով հանրաքվե անցկացնելու վրա։

BBC-ին տված վերջին հարցազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այս մասին շատ պարզ է արտահայտվել. - «Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության ներկայությունն ավելի մեծ վստահություն է ապահովում Եվրամիության համար»:

Նայջըլ Ֆարաջը Մեծ Բրիտանիայի ծայրահեղ աջ Անկախության կուսակցության ղեկավարն է: Նա համաձայն չէ Օբամայի հիշյալ տեսակետին. - «Եթե Բրիտանիան մնա Եվրամիության կազմում, այն ավելի շատ կշղթայվի եվրոպական արտաքին քաղաքականությամբ, և ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից մնալու ունակությունը կկրճատվի: Եվրամիությունից անկախանալու դեպքում Մեծ Բրիտանիան ավելի մեծ հնարավորություններ կունենա ԱՄՆ-ի լավագույն բարեկամը մնալու համար»:

Սակայն Վաշինգտոնում գործող եվրոպական հարցերով Ատլանտյան խորհրդի մասնագետ Ֆրան Բըրուելի կարծիքով, Մեծ Բրիտանիան ավելի արդյունավետ դաշնակից է ԵՄ-ի կազմում: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիան ավելի ազդեցիկ է, երբ իր ուղղորդիչ դերն ունի Եվրամիության կազմում։ Լոնդոնը մեծ դերակատարություն ունի ԵՄ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականության կողմնորոշման մեջ», - ասում է նա:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը երկրում աճում է: Անկախության կուսակցությունը վերջին ընտրություններում ավելի քան 4 միլիոն ձայն է ստացել:

Ըստ Եվրոպական խորհրդարանի անդամ Ռոջեր Հելմերի՝ Հունաստանի ճգնաժամը ցույց տվեց, որ տարատեսակ մշակույթների ու տնտեսությունների միությունը ուղղակի չի գործում. - «Մենք տեսնում ենք, որ Հունաստանը վերածվել է երրորդ աշխարհի երկրի: Դրանում պետք է մեղադրել միասնական արժույթ մտցնողներին»:

Ադրիանո Բոսոնին «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի մասնագետ է: Ըստ նրա՝ Լոնդոնը ռազմավարական շահ ունի Եվրամիության կազմում մնալու ու մայրցամաքային հարցերը որոշելու գործում. - «Դա կարող է լինել կա՛մ լիիրավ անդամության, կա՛մ պայմանագրային հիմունքներով, որը թույլ կտա Բրիտանիային մնալ ազատ առևտրի գոտում: Քեմերոնը խոստացել է անցկացնել հանրաքվեն մինչև 2017 թվականը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG