Լիբանանի ԱԳ նախարար Աբդալա Բու Հաբիբը պնդում է, որ մահվանից ընդամենը մի քանի ժամ առաջ «Հեզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան համաձայնել էր Իսրայելի հետ հրադադար կնքել։ Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս մասին նշել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ «Հեզբոլա»-ի ղեկավարության հետ բանակցությունները վարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին։
«Հեզբոլա»-ի հետ համաձայնություն ձեռք բերելուց հետո մենք այդ մասին անմիջապես տեղեկացրել ենք Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչներին», - ասել է Բու Հաբիբը։
Հասան Նասրալլան Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» զինված խմբավորման և քաղաքական կուսակցության երկարամյա ղեկավարն էր։ «Հեզբոլա»-ն սեպտեմբերի 28-ին հաստատեց, որ Նասրալլան սպանվել է նախորդ օրը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին Իսրայելի հասցրած մասշտաբային հարվածների հետևանքով։