Մատչելիության հղումներ

Բոստոնյան ռմբահարման հետքերով


Այս ամսվա վերջին նախատեսվում է բոստոնյան ռմբահարումն իրականացնողներից միակ վերապրած Ջոխար Ցարնաևի դատավարությունը:

Գործի կարևոր հանգամանքներից մեկը 2012 թվականին Թամերլան Ցարնաևի վեցամսյա ուղևորությունն է Դաղստան, որը հարցեր է հարուցում նրա ռազմամարզումներ ստանալու վերաբերյալ:

2013-ի ապրիլին երկու ռումբ պայթեցին բոստոնյան մարաթոնի վերջնագծի մոտ՝ սպանելով երեք և վիրավորելով 264 մարդ: Տեսախցիկների միջոցով ոստիկանությունը պարզել էր երկու կասկածյալներին՝ եղբայրներ Թամերլան ու Ջոխար Ցարնաևներին, որոնցից առաջինը այնուհետև սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։ Ջոխարը հունվարի վերջին կկանգնի դատարանի առաջ: Պատճառները պարզելու առումով շատերը մատնանշում են Թամերլան Ցարնաևի ուղևորությունը Դաղստան:

«Նովայա գազետա» թերթի թղթակից Իրինա Գորդիենկոն, կարդացել է Թամերլանի վերաբերյալ Դաղստանի ներքին գործերի նախարարության գաղտնի փաստաթղթերը: Նրա խոսքերով, ոստիկանությունը հատուկ գործ է կազմել, և իրեն հաջողվել է իր աղբյուրների շնորհիվ կարդալ գաղտնի այդ գործը։

Համաձայն Գորդիենկոյի աղբյուրի, Թամերլանը առցանց կապեր է հաստատել երկու հայտնի դաղստանցի ապստամբների՝ Կանադայի քաղաքացի Ուիլյամ Պլոտնիկովի և պաղեստինցի Մանսուր Նիդալի հետ: Գորդիենկոն ասում է, որ Դաղստանի անվտանգության մարմինները վերահսկել են ապստամբների հետ Թամերլանի շփումները:

«Ես հաստատ գիտեմ», - ասում է Գորդիենկոն, - «որ անվտանգության տեղի ուժերը Ցարնաևի վերաբերյալ հայց են ներկայացրել Ամերիկա»: Այստեղ, երբ առաջին անգամ նկատել են նրան ու փորձել պարզել նրա ինքնությունը ու ծագումը, պատասխան չի եղել։ Ըստ նրա՝ տեղեկությունն կա, որ Թամերլանը մի քանի անգամ վիճաբանություն է ունեցել Մախաչկալայի մզկիթում, ուր վերջինիս հիշում են որպես անկայուն մի անձնավորություն:

Թամերլանը նմանատիպ կերպով ընդհատել է կրոնական ծառայությունը նաև Մասաչուսեթս նահանգի Քամբրիջ քաղաքի մզկիթում: Բոստոնի մահմեդական կազմակերպությունից Իսմայիլ Ֆենին նշում է, որ տարաձայնություններ են ծագել ամերիկյան տոների՝ մահմեդականության սկզբունքներին համապատասխանելու առումով: Ֆենին պատմում է, որ իրենք երկու դեպքում էլ զրուցել են նրա հետ ու պնդել, որ նա պարտավոր է ընդունել վարվելակերպի կանոնները։

Թամերլանի Դաղստան ժամանելուց երկու շաբաթ անց, հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել են այն երկու անձինք, որոնց հետ նա ունեցել է առցանց շփումներ։ Գորդիենկոն նշում է, որ այդ ժամանակ Թամերլանը նկատել է իր նկատմամբ վերահսկողությունը և վերադարձել է ԱՄՆ: Գորդիենկոյի համաձայն, քիչ է հավանականությունը, որ Թամերլանը ռազմամարզանք է անցել Դաղստանում գտնվելու ընթացքում ու ավելացնում, որ Դաղստանի լեռներում երբեք չեն գործել ռազմական մարզական ճամբարներ։

Սակայն դեռ անպատասխան է մնում այն հարցը, թե ինչու եղբայրները դիմեցին նման քայլի: Կան հույսեր, որ Ջոխար Ցարնաևի դատավարության արդյունքում ավելի շատ լույս կսփռվի դրդապատճառների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG