«Խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» և «Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի» իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի և արևմտաադրբեջանցիների վերադարձի» իրավունքի մասին խոսույթները չշարունակելը»,- օգոստոսի 8-ի առթիվ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
1 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին, Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը նախաստորագրեցին Խաղաղության համաձայնագիրը: Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դրել են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը:
Կողմերը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով հաստատեցին իրենց հանձնառությունը՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին:
«2025-ի օգոստոսի 8-ին, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Սպիտակ տանը հրավիրված եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց»,- իր ուղերձում ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Վաշինգտոնում երեք ղեկավարների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից նախաստորագրված «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը» սպասում է իր ստորագրմանն ու վավերացմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջ7 սահմանազատումը դեռ պետք է տեղի ունենա, Փաշինյանը շեշտել է՝ «մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»:
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է համարում «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագիծը. «Որը ոչ միայն Հայաստանի ապաշրջափակմանը վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ, որպես դրացի։ Առաջիկայում մենք կսկսենք TRIPP նախագծի գործնական իրականացումն ու սա դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: