«Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ», - նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում։
«Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը», - Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում ադրբեջանական АPA գործակալությունը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի քան երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագրի տեքստն արդեն 9-րդ խմբագրումն է անցել։ Երևանը ապրիլի վերջին հաստատեց, որ ստացել է Բաքվի հերթական առաջարկները։
Բաքվում չեն բացառել, որ արդեն երկու տարի բանակցվող փաստաթուղթը ստորագրվի նոյեմբերին։ Պաշտոնական Երևանն արձագանքել էր՝ «ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու»։ «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ վերջ, հասել ենք եզրագծին, և մնում է ստորագրել», - ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։