Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բեռլինում՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակներում, հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովն ու Կուլեբան քննարկել են համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ադրբեջանի արտգործնախարարն իր ուկրաինացի գործընկերոջը տեղեկացրել է «ազատագրված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքների, ականների սպառնալիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի, ինչպես նաև խոչընդոտների մասին»։
Կուլեբան շնորհակալություն է հայտնել Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնության և վերականգնողական աշխատանքներին աջակցության համար, մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հունիսի 11-ից 12-ը Բեռլինում Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան:
2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կատարած լայնածավալ հարձակումից ի վեր երկրորդ անգամ է նման համաժողով կազմակերպվում։ Հայաստանից համաժողովին մասնակցում է արտաքին գործերի նախարարի տեղակալը։