ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության, ռազմական կրթության ու ականազերծման ոլորտներում։
Բաքուն նշում է, որ հանդիպման օրակարգում էին նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային, միջազգային անվտանգությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր։
Բայրամովը կրկին պնդել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի շուրջ էական առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին դրույթ կա։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև բարձրացրել է քաղաքացիական բնակչությանը սպառնացող ականների հարցը, շեշտել է, թե Հայաստանը արագ զինվում է:
Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Վաշինգտոնում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այսօր նրանք եռակողմ հանդիպում կունենան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ամերիկյան հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ վերջին անգամ բանակցել են անցած տարվա հունիսին: Դրանից հետո Բաքուն բոյկոտել էր ամերիկյան հարթակը՝ Վաշինգտոնին մեղադրելով «միակողմանի մոտեցման» համար։