Նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել՝ «ավելի մեծ օգնություն» ցուցաբերել հատուկ ծառայություններին։
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքից Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ։ Կրակոցը հնչել է սեպտեմբերի 15-ին, երբ Թրամփը գոլֆ էր խաղում Վեսթ Փալմ Բիչի իր դաշտում։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) այն ակնհայտ մահափորձ է որակել։
Ո՛չ ՀԴԲ-ն, ո՛չ ոստիկանությունը կասկածյալի անունը չեն նշել, սակայն ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, Fox News-ը, CBS News-ը և The New York Times-ը, բացահայտել են նրան որպես 58-ամյա Ռայան Ուեսլի Ռութ, որ ներկայումս բնակվում է Հավայան կղզիներում:
Սոցիալական ցանցի իր էջերում տղամարդն աջակցություն էր հայտնել դեմոկրատներին և Ուկրաինային, անգամ փորձել էր գումար հավաքել Ուկրաինայի պաշտպանության համար:
Հավանական երկրորդ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ Թրամփի ուղղությամբ հնչած կրակոցից ընդամենը երկու ամիս անց։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուն աջ ականջի թեթև վնասվածք էր ստացել։