ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Սպիտակ տունը տեղեկացրել է, որ Բայդենը նախօրեին բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ներկայացնելով իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում Ուկրաինայի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը։
«Նախագահը հայտարարել է 425 միլիոն դոլարի անվտանգության փաթեթի մասին, որը ներառում է լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ, զրահատեխնիկա և կարևոր զինամթերք՝ Ուկրաինայի անմիջական կարիքները բավարարելու համար», - ասված է հաղորդագրությունում։
Բայդենն ու Զելենսկին պայմանավորվել են ակտիվացնել միջազգային գործընկերների հետ անվտանգության աջակցության պլանավորումը՝ որպեսզի Ուկրաինան ունենա այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են հաղթանակի համար:
Նշվում է նաև, որ նոյեմբերին ԱՄՆ նախագահը Կիևին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի ղեկավարների մակարդակով առցանց հանդիպում կանցկացնի։
Զելենսկին Տելեգրամում շնորհակալություն է հայտնել Բայդենին, Կոնգրեսի երկու պալատներին, ամերիկացի ժողովրդին պաշտպանական նոր փաթեթի համար։
Ընդգծելով, որ «հաղթանակի պլանը» Գերագույն ռադայում ստացել է խորհրդարանական կուսակցությունների և խմբերի ամուր աջակցությունը՝ Զելենսկին ասել է, որ այսօր այն կներկայացնի ԵՄ գործընկերներին։