Մատչելիության հղումներ

Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք․ ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Բացահայտվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով՝ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Կոմիտեն, մանրամասնում է՝ Հայաստանի քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների և յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսկան ռուբլի վճարի դիմաց, նրանց փոխադրել Ռուսաստան՝ այնտեղ եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա Հայաստան վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու համար։

Հավաքագրված անձինք տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաք, ապա փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ։ Նախնական ստուգումից հետո նրանք տեղակայվել են «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անցկացրել են արդեն իրենց հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։

Ըստ կոմիտեի՝ հավաքագրված անձանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Հաղորդագրությունում նշվում է, որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստան։ Իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտելու արդյունքում։

Քննչական կոմիտեն նշում է, որ ձերբակալված անձանց մեղադրանքներ են ներկայացվել, կալանքի մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

«Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG